Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գծով պաշտոնակիցներին հրավիրել է դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ավանդական նախաամանորյա ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Իհարկե, բարի ավանդույթի համաձայն՝ թանկագին բարեկամներ, ցանկանում եմ ձեզ բոլորիդ հրավիրել Սանկտ Պետերբուրգ՝ դեկտեմբերի 21-ին, ինչպես միշտ, որտեղ մենք ավանդաբար հավաքվում ենք ոչ պաշտոնական, բարեկամական հանդիպման», - դիմել է Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին նեղ կազմով հանդիպմանը։
«Կարող ենք խոսել բոլոր ընթացիկ և հեռանկարային հարցերի մասին», - ասել է Ռուսաստանի նախագահը նախաամանորյա հանդիպման օրակարգի մասին:
Նա նաև հայտարարել է, որ ԱՊՀ ձևաչափը Համագործակցության երկրներին հնարավորություն է ընձեռել պահպանել տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար կապերը, որոնք ձեռք են բերվել դարերի ընթացքում։
Պուտինն ընդգծել է, որ Համագործակցության շրջանակներում փոխգործակցության առաջնահերթ ոլորտներից մեկը եղել և մնում է տնտեսությունը:
«ԱՊՀ երկրները պահպանում են սերտ համագործակցություն առևտրի, ներդրումների և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում։ Իհարկե, մենք կցանկանայինք, ինչպես նոր նշվեց, ավելի արագ շարժվել և էլ ավելի արդյունավետ աշխատել այս ոլորտում։ Դա, անշուշտ, այդպես է։ Այնուամենայնիվ, աշխատանքն ընթանում է», - հավելել է նա:



