Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է հինգ մարդ
Ստամբուլում յոթ հարկանի բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս 10 բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներով դուրս է բերվել փլատակների տակից։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։
«Ստամբուլի Մալթեփե շրջանում յոթհարկանի շենքի մասնակի փլուզման վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է հինգի, հաղորդվել է նաև, որ 10 մարդ փրկվել է, բայց վնասվածքներ է ստացել», — նշվել է հրապարակման մեջ։
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Ջևիզլի թաղամասում, որտեղ առայժմ չպարզված պատճառով փլուզվել են շինության առաջին երեք հարկերը։ Աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցել են 175 հրշեջ և Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) 25 մասնագետ, որոնք օգտագործել են որոնող շներ և հատուկ տեխնիկա՝ փլուզված կառուցվածքները քանդելու համար։ Ներկայում ոստիկանությունն ամբողջությամբ շրջափակել է դեպքի շրջանը, քննչական մարմինները սկսել են ուսումնասիրել արտաքին հսկման տեսախցիկների գրառումները, որոնցում արձանագրված է փլուզման պահը։



