երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ռելոկանտների ազդեցությունը 2022-ի տնտեսական աճի մեջ կազմել է 6-7 տոկոս. նախարար

Ռելոկանտների ազդեցությունը 2022-ի տնտեսական աճի մեջ կազմել է 6-7 տոկոս. նախարար

2022թ-ին Հայաստանն ունեցել է մեկ շնչի հաշվով ամենամեծ թվով ռելոկանտները։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե արդյոք կառավարությունը հաշվարկել է` որքա՞ն կլիներ ՀՀ տնտեսական աճը, եթե չլիներ ՌԴ-ից տեղափոխվածների մեծ ներհոսքը։

«Դա նշանակում է, որ Հայաստանը գերադասելի է մնացած երկրներից` իր չափերից ելնելով։ Գուցե նաև այն պատճառով, որ Հայաստան կարելի է գալ առանց վիզայի։ Բայց ՌԴ քաղաքացիների համար այդպիսի տասնյակ երկրներ կան, որտեղ կարող են գնալ։ Կարծում եմ` Հայաստանում առկա այն միջավայրը և այն ենթակառուցվածքները, որոնք մենք զարգացրել ենք վերջին տարիների ընթացքում, էական ազդեցություն են ունեցել։ Բայց դա բավարար չէ»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` եթե ուզում ենք այս մարդկանց համար ավելի լավ պայմաններ ստեղծենք ՀՀ–ում ապրելու համար, պետք է արագացվեն այն տեմպերը, որով ներդրումներ ենք իրականացնում։

Ինչ վերաբերում է բյուջեի ցուցանիշների վրա ռելոկանտերի ունեցած ազդեցությանը, ֆինանսների նախարարն այն տնտեսական աճի մեջ գնահատեց 6-7 տոկոսի չափով։

  • Կիսվել: