երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ռեֆորմների արդյունքում հասարակական տրանսպորտը պետք է լինի մաքսիմալ հասանելի և արագաշարժ». Տիգրան Ավինյան

«Ռեֆորմների արդյունքում հասարակական տրանսպորտը պետք է լինի մաքսիմալ հասանելի և արագաշարժ». Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է տրանսպորտային ռեֆորմներին։

Ըստ նրա՝ սա ամենամեծ ծրագիրն է, որ, արդեն տևական ժամանակ, իրականացվում է. «Վերջին շրջանում ավելի է ինտենսիվացել, ավելի մեծ քանակով շարժակազմ ենք ձեռք բերել։ Նախորդ հինգ տարվա ընթացքում միայն նոր շարժակազմ ձեռք բերելու և հին «գազել»-ները փոխելու տրամաբանությունից դուրս ենք գալիս, որովհետև վերջին «հուսահատության գազելը» օգոստոսի 15-ին իր վերջին երթն է իրականացնելու և դրանով ավարտվելու է»,- ասել է նա։

Տիգրան Ավինյանը նաև շեշտել է, որ տրանսպորտային համակարգի հաջորդ ռեֆորմը կանխատեսելիությունն է. «Այսօր էլ «Յանդեքս» քարտեզներում կարող եք տեսնել հասարակական տրանսպորտի երթուղիները։ Մեկ ու կես, երկու ամիս հետո տեսնելու ենք, թե որ տրանսպորտը քանի րոպե հետո է հասնելու կանգառ»։ Ըստ նրա՝ կանգառներում ևս երևալու է, թե որ ավտոբուսը երբ է հասնելու. «Ռեֆորմների արդյունքում հասարակական տրանսպորտը պետք է լինի մաքսիմալ հասանելի, մաքսիմալ արագ տեղաշարժվող, և ամենակարևոր կոմպոնենտը՝ միասնական տոմսային համակարգով»։

Նրա խոսքով՝ շատ դեպքերում կարող է ավտոբուս փոխելու կարիք առաջանալ։ Միասնական տոմսային համակարգով ավտոբուսում և մետրոյում քաղաքացին, եթե կես ժամվա ընթացքում տրասնպորտ փոխի, կրկին չի վճարելու. «Սա է միասնական տոմսային համակարգի և ընդհանուր միասնական տրանսպորտային ցանց ունենալու գաղափարախոսությունը»։

  • Կիսվել: