երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Քննարկվել են պլաստիկ թափոնների կրճատմանն ու կայուն լուծումների ներդրմանն ուղղված հնարավորությունները

Քննարկվել են պլաստիկ թափոնների կրճատմանն ու կայուն լուծումների ներդրմանն ուղղված հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը հանդիպել է «Գրին գրին» բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու պլաստիկ թափոնների կառավարման և կրճատման, ինչպես նաև պլաստիկին այլընտրանքային, շրջակա միջավայրի համար առավել անվտանգ լուծումների կիրառման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պլաստիկի սպառման նվազեցմանը, վերօգտագործման և վերամշակման խթանմանը, ինչպես նաև կենսաքայքայվող և էկոլոգիապես առավել անվտանգ նյութերի կիրառման հնարավորություններին։
 
Ընդգծվել է, որ պլաստիկ թափոնների խնդրի արդյունավետ լուծումը պահանջում է համալիր մոտեցում՝ համադրելով պետական քաղաքականությունը, մասնավոր հատվածի պատասխանատվությունը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումն ու հանրային իրազեկվածության բարձրացումը։
 
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև սպառողական վարքագծի փոփոխությանն ու կայուն սպառման մշակույթի ձևավորմանը։ Այս համատեքստում կարևորվել են կրթական և իրազեկման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև բազմակի օգտագործման և շրջակա միջավայրի համար առավել անվտանգ արտադրանքի նկատմամբ պահանջարկի խթանումը։
 
Կողմերը կարևորել են պետական, մասնավոր և հասարակական հատվածների համագործակցությունը՝ պլաստիկ թափոնների կրճատմանն ուղղված արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ մշակելու և ներդնելու նպատակով, և պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունն այս ուղղությամբ։
 
Հիշեցում
 
2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը՝
  • առևտրի օբյեկտներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքներում,
  • հանրային սննդի օբյեկտներում,
  • բացօթյա և շրջիկ առևտրի կետերում։

  • Կիսվել: