Քննարկվել է Հայաստանում հողմակայանների կառուցման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-ին Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին։
Նա ծանոթացել է տեղական եւ արտասահմանյան ընկերությունների կողմից այստեղ ներկայացված էլեկտրաէներգետիկ արտադրանքի ու սարքավորումների վերջին նորություններին եւ արտադրական հզորություններին: Հանդիումներ է ունեցել տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել արտադրատեսակների մատակարարման ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Ցուցահանդեսի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Ալի Ֆարահնաքեանի եւ Իրանում էներգետիկ սարքավորումների ամենամեծ արտադրող «Մափնա» ընկերության ղեկավարի հետ:
Նախարարը «Մափնա» ընկերության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանում այլընտրանքային էներգետիկ կայանների կառուցման գործում ընկերության ներգրավվածության հնարավորությունը, մասնավորապես՝ հողմակայանների կառուցման ոլորտում ընկերության մասնակցությունը:
Նոյեմբերի 1-3ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ: