ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Քաղաքական ենթատեքստ չկա». Քերոբյանը՝ հայկական կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու հնարավոր արգելքի մասին

«Քաղաքական ենթատեքստ չկա». Քերոբյանը՝ հայկական կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու հնարավոր արգելքի մասին

Հայկական կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու հնարավոր արգելքում կարծում եմ՝ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշեց, որ սանկցիաներ առայժմ չեն կիրառվել, իրենք ռուս գործընկերների հետ կապի մեջ են:

Քերոբյանի խոսքով՝ այդ ամենը սննդի անվտանգության բարձր չափանիշներն ապահովելու համար է:

Անդրադառնալով նրան, որ արգելափակումը պայմանավորված է իրանական հումքով, նախարարը հաստատեց, որ Հայաստանում արտադրվող կաթնամթերքում կա իրանական հումք.

«Մենք երբեմն տալիս ենք արտոնություններ ընկերություններին կաթնային սերուցք ներմուծելու համար: Կան իրանական կազմակերպություններ կան, որ գտնվում են Եվրասիական ռեեստրի մեջ եւ թույլատրված է իրենցից կաթնային սերուցք ներմուծել եւ օգտագործել դեպի ՌԴ արտահանվող ապրանքի մեջ»:

Անդրադառնալով այն դժգոհություններին, որ հայկական մի շարք ընկերություններ չոր կաթով են կաթնամթերքն արտադրում, եւ զուգահեռ 40 դրամով նվազեցվել է կաթի մթերման գինը, Քերոբյանն արձագանքեց.

«Չեմ կարծում, որ ընկերությունները խախտում են կաթնամթերքի արտադրության ստանդարտները: Սննդի անվտանգության տեսչական մարմինը դրան ուշադիր հետեւում է: Խնդիրը կա, դա արձագանք  է դրամի հետեւողական արժեւորման, որը տեղական կաթ արտադրողների արտադրանքը դարձնում է ավելի քիչ մրցունակ, քան ներմուծված կաթի փոշին»:

 

 

  • Կիսվել: