Փաշինյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի գլխավորած պատվիրակությանը։
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հետևողական զարգացումը՝ գոհունակությամբ նշելով, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Երկրի ղեկավարը կարևոր է համարել Նիդերլանդների դերը նաև Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման և մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման գործում։
Թոմ Բերենդսենը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և համոզմունք հայտնել, որ այս այցի արդյունքներով երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ կհաղորդվի։ Վերջինս հավելել է, որ Նիդերլանդները ողջունում է ՀՀ Կառավարության ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է շարունակել աջակցությունն այդ գործում։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչը նպաստում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ու ընդլայնմանը։ Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին, այդ թվում՝ TRIPP և ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացմանը։



