երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Նիռերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովի և Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի ուղեկցությամբ:

Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտից։

Պատվիրակությանը դիմավորել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Թոմ Բերենդսենը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են Հայոց ցեղասպանության պատմության տարբեր ասպեկտներին:

Շրջայցի ավարտին Թոմ Բերենդսենը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Վերջում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավարին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։

  • Կիսվել: