ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2020թ-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով

2020թ-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով

Գործադիրը hավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծով առաջարկվում է թույլատրել կառավարությանը՝ 2019 թ. դեկտեմբերին Չինաստանում բռնկված և կարճ ժամանակահատվածում տարբեր երկրներում տարածված և 2020 թ. մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, հիվանդության հետևանքների (այդ թվում նաև՝ տնտեսական) չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել ՀՀ 2020 թ. պետբյուջեում՝ ապահովելով հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ գործիքակազմով:

 Հիմնավորման համաձայն՝ նոր կորոնավիրուսի պատճառով առաջացած վերոնշյալ բացասական գործոնների՝ պետական բյուջեի վրա ազդեցությունները գնահատվել են հետևյալ ուղղություններով. հարկեր/ՀՆԱ հարաբերակցության կրճատում, անվանական ՀՆԱ-ի կրճատման հետևանքով հարկային եկամուտների նվազում, պետական բյուջեի պակասուրդի և պետական պարտքի աճ:

Վերջինիս պարագայում, պետական բյուջեով նախատեսված ծախսերը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսական աջակցության հավելյալ միջոցառումներն իրականացնելու համար կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման կարիք: Արդյունքում պետական բյուջեի պակասուրդը կաճի և անհրաժեշտություն կառաջանա ներգրավել նաև պետական պարտք ներքին և արտաքին աղբյուրներից։

ՀՀ տնտեսությունում ներկայումս կիրառվող սահմանափակումների և արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այդ զարգացումներին հակազդելու համար կիրառվող 150 մլրդ աջակցության փաթեթների ազդեցության արդյունքում գնահատվել է, որ 2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով:

Տնտեսական անկման պայմաններում, գնահատվել է, որ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը և ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ։

  • Կիսվել: