չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պետություն-մասնավոր երկխոսության հանդիպմանը քննարկվեցին երկխոսության հաջողության հնարավորությունները

Պետություն-մասնավոր երկխոսության հանդիպմանը քննարկվեցին երկխոսության հաջողության հնարավորությունները

«Պետություն-մասնավոր երկխոսությունը Հայաստանում» թեմայով շահեկիրների հանդիպմանը գործարար միությունների, ոլորտային ասոցիացիաների, մասնավոր ընկերությունների և միջազգային կազմակերպությունների հետ քննարկվեց, թե ինչպես կարելի է բարելավել երկխոսությունը և ինչպիսի մեխանիզմներ պետք է ներդնել արդյունավետ ու կայուն երկխոսության հարթակներ ստեղծելու համար։

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեծ կարևորություն է տալիս պետության և գործարար համայնքի միջև երկխոսությանը, քանի որ հենց այդ երկխոսության ընթացքում են վերհանվում գործարարությանը խոչընդոտող խնդիրները և համատեղ աշխատանքի արդյունքում գտնվում լուծումներ։ Կառավարության ծրագրում մենք հատուկ շեշտ ենք դրել պետություն-մասնավոր համագործակցության վրա և մենք հատուկ ծրագրով կուժեղացնենք այն։ Պետություն-մասնավոր երկխոսության կայացման առումով նշանակալի դեր ունեն նաև գործարար միություններն ու ոլորտային ասոցիացիաները, որոնք ներկայացնում են գործարարների խնդիրներն ու պաշտպանում նրանց իրավունքները։ Այս ամենը նկատի ունենալով՝ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում՝ հզորացնելու միությունների և ասոցիացիաների կարողություններն ու դերը»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ ընթացիկ տարում ինքը փորձել է հնարավորինս ուժեղացնել պետություն-մասնավոր երկխոսությունը։ Քերոբյանը նաև շեշտեց, որ որոշակի հաջողություններ գրանցվել են այդ ոլորտում, սակայն դրանք դեռևս պետք է զարգացնել։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն հանդիպման ընթացքում շեշտեց, որ վերջին տասնամյակում Հայաստանում գրանցվել են պետություն-մասնավոր երկխոսության հաջողված նախաձեռնություններ։

«Այդ նախաձեռնություններում իրենց գործուն ներդրումն են ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունները, այդ թվում ԱՄՆ ՄԶԳ-ն՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն։ Այնուամենայնիվ, մշակվող բարեփոխումները, քաղաքականությունը, օրենքները, կանոնակարգերը դեռ բավարար չափով չեն ներառում մասնավոր հատվածի տեսակետներն ու շահերը։ ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են մասնավոր հատվածի զարգացման համար գործարար միջավայրի բարելավմանը»,- նշեց Ջոն Ալելոն։

Միջազգային փորձագետ Ջեյմս Բրյուն էլ ընդգծեց, որ պետություն-մասնավոր երկխոսությունը բարդ գործընթաց է և չունի հաջողության հասնելու պարզունակ բաղադրատոմս։

«Այն կախված է լուծում պահանջող խնդիրների շուրջ համախմբվող կողմերի պատրաստակամությունից, կարողություններից, մտածելակերպից։ Երկխոսություններն ավելի հաջող և արդյունավետ են ընթանում, երբ մասնակիցներն ունեն համապատասխան գիտելիքներ՝ երկխոսությունը վարելու և խնդիրները ներկայացնելու առումով, և իրենց շահերի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններն իրատեսորեն գնահատելու կարողություն»,- նշեց միջազգային փորձագետը։

Հանդիպման ընթացքում նաև ներկայացվեցին պետություն-մասնավոր երկխոսության սկզբունքները, միջազգային լավագույն փորձը, քննարկվեցին երկխոսության հաջողության հնարավորություններն ու ձախողման ռիսկերը, ինչպես նաև դրա բարելավմանն ուղղված առաջարկություններն ու հետագա քայլերը։

  • Կիսվել: