«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ
Որակի վերահսկողություն չանցած ապրանքները հայտնվում են Ռուսաստանի խանութներում և առցանց առևտրի հարթակներում՝ ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ։ Նման հոդված է գրել «Известия»-ն։
Պարբերականի աղբյուրների վարկածով՝ պաշտոնյաները գործում են տասնյակ լաբորատորիաների շահերից ելնելով։ Այդ լաբորատորիաները, առանց որևէ փորձարկում կամ հետազոտություն իրականացնելու, ձևակերպում են փաստաթղթեր, որոնք իբր հաստատում են արտադրանքի որակը։
Հայաստանի և Ղրղզստանի կազմակերպությունների կողմից նման 15 հազար հավաստագրերի տրամադրման դեպքերի առնչությամբ արդեն քրեական գործեր են հարուցվել։
«Известия»-ի տեղեկություններով՝ նման կառույցների շահերի լոբբինգի հետևում կարող է կանգնած լինել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներքին շուկաների հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը։ Նրան արդեն հրապարակայնորեն մեղադրել են ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի լիարժեք ներդրումը փաստացի խոչընդոտելու մեջ։ Այդ համակարգը նախատեսված է, մասնավորապես, կեղծ ապրանքների դեմ պայքարի համար։
Ինչպե՞ս են գործում սխեմաները, որոնց շնորհիվ հայկական կեղծ լաբորատորիաները շարունակում են աշխատանքը նույնիսկ լիցենզիաների ուժը կորցնելուց հետո, և ինչո՞ւ է ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյան խոչընդոտում անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության թափանցիկության ապահովմանը․ նման հարցեր է բարձրացրել «Известия»-ն իր հետաքննության մեջ։
Խստացվում է հավաստագրերի վերահսկողությունը
Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել թվային հարթակների աշխատանքի նոր կանոնները։ Այժմ առցանց առևտրի հարթակներում ապրանք վաճառելու համար վաճառողին այլևս բավարար չէ ներկայացնել արտադրանքի որակի ստուգման հավաստագրի պատճենը։ Փաստաթղթերը ստուգվելու են միջպետական տվյալների բազաների միջոցով՝ պարզելու համար, թե արդյոք հավաստագիրը իսկական է, և դրա գործողությունը դադարեցված չէ։
Կանոնների խստացումը պայմանավորված է շուկայում կեղծ փաստաթղթերի մեծ քանակությամբ, ինչպես նաև այնպիսի հավաստագրերի առկայությամբ, որոնք ձևականորեն են օրինականորեն տրված համարվում, սակայն իրականում չեն հիմնվում ապրանքների որակի պատշաճ ստուգման վրա։
Ռուսաստանում հավաստագրման շուկայի թափանցիկության ապահովմանն ուղղված պայքարը վաղուց է ընթանում։ Առաջին արդյունքներից մեկը կեղծ հավաստագրեր տրամադրող ռուսական լաբորատորիաների փակումը եղավ։ Դա տեղի է ունեցել նաև «Известия»-ի հետաքննություններից հետո։
2024 թվականի ամռանը պարբերականի լրագրողները «Սերտիֆիքեյշն գրուպ» կենտրոնին ներկայացրել են վիրտուալ իրականության մեջ ստեղծված սպորտային կոշիկների փաստաթղթերը և առանց դժվարության ստացել դրանց որակը հավաստող փաստաթուղթ՝ իբր անցկացված փորձարկումների արդյունքներով։
Դրանից հետո «Ռոսկաչեստվոն» սկսել է հավաստագրման բոլոր կենտրոնների համատարած ստուգումները։ Դրանցից որոշների հավատարմագրումը դադարեցվել է։
Սակայն այժմ պարզվել է, որ դրանց զգալի մասը շարունակել է գործունեությունը՝ վերագրանցվելով ԵԱՏՄ այլ երկրներում, հիմնականում՝ Ղրղզստանում և Հայաստանում։
2025 թվականի մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներով, կառավարությանը հանձնարարել է չեղարկել ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքների այն հավաստագրերը, որոնք տրվել են խախտումներով։
Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայությունը՝ «Ռոսակրեդիտացիան», Ռուսաստանի տարածքում արգելափակել է առաջին 13 հավաստագրերի և համապատասխանության հայտարարագրերի գործողությունը։ Դրանք ձևակերպվել էին խախտումներով․ արտասահմանյան հավաստագրման կենտրոնները չէին ներկայացրել ապրանքների լաբորատոր հետազոտությունների արդյունքները։
Առաջիններից կասեցվել են մանկական խաղալիքների, հագուստի և կոշիկի հավաստագրերը։ Դրանք սոցիալական բարձր պահանջարկ ունեցող ապրանքներ են։
2026 թվականի փետրվարին «Ռոսակրեդիտացիան» հայտնել է, որ Ռուսաստանի տարածքում դադարեցրել է Ղրղզստանի երեք հավաստագրման կենտրոնների՝ «Մուրասի», «Հավաստագրման և փորձարկումների կենտրոնի» և «Էքսպերտ-Լայնի» տրամադրած բոլոր փաստաթղթերի գործողությունը։ Միայն 2025 թվականին այդ երեք կենտրոնները ռուսական ընկերություններին տրամադրել էին ավելի քան 15,5 հազար հավաստագիր։
«Այս պահին 15 հազար հավաստագրերի տրամադրման փաստերով քրեական գործեր են հարուցվել։ Պատասխանատվության շրջանակում հայտնվել է 11 լաբորատորիա, որոնցից 10-ը գրանցված է Ղրղզստանում, մեկը՝ Հայաստանում»,- «Известия»-ին հայտնել է իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը։
2026 թվականի հուլիսին «Ռոսակրեդիտացիան» դադարեցրել է նաև հայկական «ԱՐՄՏԵՍՏ» և «ԱՐՄ-ՏԵՍՏ» կենտրոնների տրամադրած որոշ հավաստագրերի գործողությունը։ Պատճառը նույնն էր․ ռուսական կողմի հարցումներին ի պատասխան՝ արտադրանքի փորձարկումների արձանագրությունները չէին ներկայացվել։
Հասարակական սպառողական նախաձեռնության նախագահ Օլեգ Պավլովը «Известия»-ին հայտնել է, որ մինչև վերջերս «Ռոսակրեդիտացիան» իրավասու չէր միակողմանիորեն չեղարկել կամ կասեցնել ԵԱՏՄ այլ երկրների կողմից տրված փաստաթղթերի գործողությունը, նույնիսկ եթե խախտումների մասին տեղեկություններ ուներ։ Դա կհամարվեր մեկ այլ երկրի ազգային հավատարմագրման համակարգի ինքնիշխանության խախտում։
Նրա խոսքով՝ իրավիճակը փոխվել է միայն անցյալ տարվա վերջին, երբ գերատեսչությունը ստացել է ընդլայնված լիազորություններ։
Խոսքը Ռուսաստանի կառավարության որոշման մասին է, որով «Ռոսակրեդիտացիան» իրավունք է ստացել Ռուսաստանի տարածքում կասեցնել ԵԱՏՄ այլ երկրների կողմից տրված հավաստագրերի և համապատասխանության հայտարարագրերի գործողությունը։
Հավաստագրերը՝ առանց իրական փորձարկումների
Հայաստանում ԵԱՏՄ համապատասխանության հավաստագրերի և հայտարարագրերի վաճառքը ռուսաստանցի պատվիրատուներին, ըստ հրապարակման, փաստացի վերածվել է կայացած բիզնեսի։
Հայաստանի հավատարմագրված հավաստագրման մարմնի տրամադրած փաստաթուղթը գործում է միության ամբողջ տարածքում և հնարավորություն է տալիս օրինական կերպով ապրանք ներմուծել ու վաճառել Ռուսաստանում։ Միաժամանակ հայկական հավաստագրերը ռուսաստանցի պատվիրատուների համար, որպես կանոն, ավելի էժան են, քան ռուսականները։
Տարբեր հարթակներում Հայաստանից արտադրանքի հավաստագրման ծառայություններն առաջարկվում են «ամբողջական փաթեթով»՝ սկսած 2 հազար ռուբլուց։ Մինչդեռ հենց փորձարկումները հաճախ ընդհանրապես չեն իրականացվում։
«Известия»-ի տվյալներով՝ եթե հայկական կարգավորող մարմինը կասեցնում կամ դադարեցնում է որևէ հավաստագրման մարմնի հավատարմագրման վկայականի գործողությունը, դրա փոխարեն գրեթե անմիջապես հայտնվում է մեկ ուրիշը՝ նոր անվամբ և նոր իրավաբանական անձով, բայց նույն ղեկավարներով։
Պարբերականին հաջողվել է հետևել նման մի քանի շղթաների։ Երբեմն մեկ անձի անունով գրանցված են լինում հավաստագրման մի քանի մարմիններ։ Այդպիսի պահուստային կառույցները թույլ են տալիս չդադարեցնել գործունեությունը, նույնիսկ եթե դրանցից մեկի հավատարմագրումը չեղարկվում է։
ԵԱՏՀ-ի նախարարի հնարավոր դերակատարությունը
Հավաստագրման ենթակա ապրանքների միասնական ռեեստրը վարելու պարտականությունը դրված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վրա՝ ԵԱՏՄ մշտապես գործող վերազգային կարգավորող մարմնի։
Հավաստագրման ոլորտի համար պատասխանատու է Վարոս Սիմոնյանը, որը ԵՏՀ-ում զբաղեցնում է ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնը։ Նա հանձնաժողովում ներկայացնում է Հայաստանը։
«Ըստ ամենայնի՝ Հայաստանում կասկածելի հավաստագրերի տրամադրումը զանգվածային բնույթ է ստացել դեռ այն ժամանակ, երբ Վարոս Սիմոնյանն աշխատում էր հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում։ 2019-2021 թվականներին նա զբաղեցնում էր նախարարի տեղակալի պաշտոնը և մինչև ԵՏՀ տեղափոխվելը համակարգում էր Հայաստանի ազգային հավատարմագրման մարմնի՝ ARMNAB-ի գործունեությունը»,- «Известия»-ին հայտնել է պարբերականի աղբյուրը։
Զրուցակցի կարծիքով՝ հենց Սիմոնյանը կարող էր ազդեցություն ունենալ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ներդրման ժամկետների փաստացի տապալման վրա։ Այդ համակարգը միության շրջանակում նախատեսված միասնական թվային ծառայություն է, որը զգալիորեն կհեշտացներ ապրանքների որակի հավաստագրերի վավերականության վերահսկողությունը։
Սակայն Սիմոնյանի հասցեին նման մեղադրանքներ հնչել են նաև հրապարակայնորեն։
2022 թվականին Ռուսաստանի Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Տկաչովը սոցիալական ցանցերում գրել էր.
«Հանկարծ պարզվեց, որ Վարոս Սիմոնյանը ինչ-ինչ պատճառներով փոխել է ԵՏՀ-ին ենթակա ՏՏ ստորաբաժանման աշխատանքի սխեման, մասնավորապես՝ գնումների և կապալառուների հետ մրցույթների մեխանիզմը։ Այս որոշումները լուրջ մտահոգություն են առաջացնում ԵՏՀ բազմաթիվ աշխատակիցների և իրավաբանների շրջանում, քանի որ կարող են հանգեցնել նոր, չարդարացված ծախսերի, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ամբողջական ներդրումը հետաձգել անորոշ ժամկետով»։
Հրապարակման համաձայն՝ ինտեգրված տեղեկատվական համակարգի ներդրման ձգձգումը գործոններից մեկն է, որն անբարեխիղճ մասնակիցների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում հավաստագրման շուկայում։
«Բացի այդ, ԵՏՀ նախարար լինելով՝ Սիմոնյանը դեմ է արտահայտվում խարդախությունների մեջ մեղադրվող լաբորատորիաների հավատարմագրումը չեղարկելուն՝ չնայած նրանց կողմից տրամադրված հազարավոր կեղծ հավաստագրերին։ Այս ամենը կարող է հիմք դառնալ ԵՏՀ նախարարի նկատմամբ լուրջ, այդ թվում՝ քրեական հետաքննության և նրա անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման համար»,- «Известия»-ին հայտնել է ԵՏՀ-ի գործունեությանը մոտ կանգնած աղբյուրը։
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի համաձայն՝ ԵԱՏՄ պաշտոնյան կարող է զրկվել անձեռնմխելիությունից, եթե առկա են հայցեր՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ, որը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից։
«Известия»-ի զրուցակցի կարծիքով՝ տվյալ դեպքում խոսքը կարող է վերաբերել այն լաբորատորիաների նկատմամբ հարուցված քրեական գործերին, որոնց շահերը, ենթադրաբար, կարող է առաջ մղել Սիմոնյանը։
Փաստաբան, AVG Legal ընկերության կառավարող գործընկեր Ալեքսեյ Գավրիշևը պարբերականին հայտնել է, որ եթե ապացուցվի՝ որոշումները գիտակցաբար ընդունվել են կոնկրետ առևտրային կառույցների շահերից ելնելով, օրինակ՝ ստեղծվել են միջնորդներ, արգելափակվել են վերահսկողության մեխանիզմները կամ դրա դիմաց վարձատրություն է ստացվել, ապա կարող է խոսք լինել լիարժեք քրեաիրավական ստուգման մասին։
Նրա խոսքով՝ որպես ԵՏՀ նախարար՝ Սիմոնյանն իսկապես ունի քրեական հետապնդումից անձեռնմխելիություն, սակայն այն կարող է վերացվել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշմամբ՝ պաշտոնյայի հնարավոր առնչությունը որևէ հանցագործությանն ապացուցող իրական հիմքերի առկայության դեպքում։
«Известия»-ն հարցում է ուղարկել ԵՏՀ՝ խնդրելով մեկնաբանել հոդվածում ներկայացված՝ Սիմոնյանի գործունեության և առանց փորձաքննությունների տրամադրված հավաստագրերի հետ կապված խնդիրների մասին տեղեկությունները։
Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը
«Известия»-ի հրապարակման համաձայն՝ մինչ ԵԱՏՄ-ում հավաստագրման շուկայի թափանցիկության ապահովման գործընթացը ձգձգվում է, Հայաստանի պաշտոնյաները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունն այս ոլորտում Եվրոպայի հետ։
Պարբերականը նշում է, որ առնվազն 2021 թվականից Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր հավաստագրման համակարգը Եվրամիության համակարգին փաստացի ինտեգրելու ուղղությամբ։
Դեռևս 2021 թվականին Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը մեկնարկել էր «Հայաստանի հավատարմագրման համակարգը Եվրոպական հավատարմագրման համագործակցության կառույցի կողմից ճանաչելու պայմանների ստեղծում» նախագիծը՝ դրա համար հատկացնելով 700 հազար եվրո դրամաշնորհ։
Իսկ 2022 թվականին «Արևելյան գործընկերության» գերմանական ծրագրի շրջանակում համագործակցության հռչակագիր էր ընդունվել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի ազգային հավատարմագրման մարմնի՝ ARMNAB-ի, մի կողմից, և Գերմանիայի ֆիզիկատեխնիկական դաշնային ինստիտուտի՝ մյուս կողմից։
2026 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Հավատարմագրման ոլորտում փոխադարձ ճանաչման բազմակողմ համաձայնագրի հայ-եվրոպական խորհուրդը որոշել է ARMNAB-ին ընդունել հավատարմագրման ոլորտում համագործակցության այդ կառույց։
«Известия»-ի գնահատմամբ՝ ստեղծվում է մի իրավիճակ, երբ Հայաստանը միաժամանակ ընդհանուր հավաստագրման համակարգ է ձևավորում ԵՄ-ի հետ, մինչդեռ ԵԱՏՄ-ում դրա ներդրումը, ըստ հրապարակման, խոչընդոտվում է։ Պարբերականի աղբյուրները ենթադրում են, որ Սիմոնյանը կարող է այս քաղաքականության իրականացման դերակատարներից մեկը լինել։
2005-2011 թվականներին նա Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել և պատասխանատու եղել հենց ԵՄ-ի հետ համագործակցության համար։ 2011-2019 թվականներին աշխատել է նախ որպես Հայաստանի առևտրային ներկայացուցիչ, ապա՝ առևտրային կցորդ ԵՄ-ում։ Նա նաև երկրորդ բարձրագույն կրթությունն ստացել է Արևմուտքում՝ Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդի համալսարանում, որը մասնագիտացած է համաշխարհային հակամարտությունների ուսումնասիրության ոլորտում։
Ռուսաստանի նախագահի առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի միջազգային քաղաքականության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի ավագ դասախոս Սերգեյ Մարգուլիսի խոսքով՝ ԵՄ-ի հետ համագործակցության առաջնահերթությունը տեղավորվում է Հայաստանի ներկայիս իշխանությունների ընդհանուր քաղաքականության տրամաբանության մեջ։
«Հայաստանը, թեև շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, հստակ ցույց է տալիս, որ շարժվում է դեպի Արևմուտք։ Կասկած չկա, որ հայկական կողմը, առայժմ դուրս չգալով ԵԱՏՄ-ից, կփորձի առավելագույն օգուտ քաղել անդամակցությունից՝ առանձնապես ուշադրություն չդարձնելով սահմանված չափանիշների պահպանմանը»,- նշել է Մարգուլիսը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի բիզնեսի կողմից ԵԱՏՄ անդամ երկրների համար ընդհանուր ծրագրերի անտեսումը նոր երևույթ չէ։ Նրա խոսքով՝ ժամանակին հայկական կողմը «շատ ակտիվորեն խոչընդոտել է» «Մերկուրի» էլեկտրոնային անասնաբուժական հավաստագրման համակարգին միանալուն։ Այդ համակարգը վերահսկում է կաթնամթերքի, մսի, ձկան և այլ ապրանքների որակը՝ ֆերմայից մինչև վաճառասեղան։
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», բազմիցս արձանագրել է, որ Ռուսաստան ապրանքներ մատակարարող հայ արտադրողները խախտել են սահմանված կանոնները՝ չեն հետևել հումքի ծագմանը, չեն պահպանել փորձաքննության ընթացակարգերը և սխալ են ձևակերպել անասնաբուժական փաստաթղթերը։
Արդյունքում՝ 2026 թվականի հուլիսին գերատեսչությունն արգելել է Հայաստանից կաթնամթերքի ամբողջ ներմուծումը Ռուսաստան։
«Известия»-ի գնահատմամբ՝ հավաստագրման շուկայում ստեղծված իրավիճակը ԵԱՏՄ-ի նկատմամբ նման՝ միության ընդհանուր կանոններին հակասող քաղաքականության շարունակությունն է։



