հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետական պարտքի կառավարման մասով ներքին աուդիտ չի իրականացվել

Պետական պարտքի կառավարման մասով ներքին աուդիտ չի իրականացվել

«Պետական պարտքի կառավարման մասով ներքին աուդիտ մեզ հասած տվյալներով առհասարակ չի իրականացվել»,- այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության ներկայացման ժամանակ ասաց պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը:

Նա նշեց, որ իրենք առաջարկել են՝ հետագայում ներքին աուդիտ լինի, և ներքին աուդիտն ուշադրության կենտրոնում պահի հաշվեքննությամբ արձանագրված փաստերը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հաստատեց, որ պարտքի կառավարման բնագավառում ներքին աուդիտ չի իրականացվել: «Ցավոք, ներքին աուդիտը ոչ միայն պարտքի կառավարման բնագավառում չի համապատասխանել այն սպասումներին, որ այդ համակարգի ներդրման ժամանակ ունեցել ենք համակարգից: Եվ դրանով պայմանավորված՝ ջանքեր են գործադրվում, որ հիմա իրավիճակը փոխվի նաև ներքին աուդիտի բնագավառում»,- ասաց նա:

Անդրադառնալով  պետական պարտքի մասով առկա թերություններին` Կարեն Առուստամյանը նկատեց, որ գոյություն ունի ԿԲ-ի և Ֆինանսների նախարարության միջև գործակալական պայմանագիր, մասնավորապես, կա պահանջ, որ նմանատիպ փաստաթղթերը պետք է հրապարակվեն, սակայն արձանագրվել է, որ այդ մասով հրապարակայնությունը  չի ապահովվում, և առաջարկել են շուտափույթ հրապարակել  դա:

«ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակը կառավարության ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորության ապահովումն է` երկարաժամկետ հատվածում նվազեցնելով պարտքի սպասարկման մեծությունը: Սակայն մենք արձանագրում ենք, որ չի ապահովվել պետական պարտքի կառավարման նպատակային արդյունավետությունը: Այն է` երկարաժամկետ հատվածում պարտքի սպասարկման մեծությունը դրսևորել է աճի միտում: 2012-2018 թթ.  ընթացքում այն աճել է 342%-ով: Առաջարկում ենք հետագայում ռազմավարություններ նախագծելիս ղեկավարվել սահմանված նպատակներով` երկարաժամկետ պարտքի սպասարկման ծախսերի նվազման միտումի երաշխավորման նպատակով»,- ընդգծեց նա։

Կարեն Առուստամյանն ասաց, որ այլ ռիսկեր ևս արձանագրել են։ Մասնավորապես, ըստ նրա, պարտքի կառավարման գլխավոր  ռիկսերից  է փոխարժեքի ռիսկը։ «Չնայած փոխարժեքի ռիսկը հանդիսացել է պետական պարտքի կառավարման ամենամեծ ռիսկը, դրա գծով սահմանված ուղենշային ցուցանիշը՝ ներքին պարտքի կշիռը, ընդհանուր պարտքի կազմում մնացել է անփոփոխ՝ 20 տոկոս մակարդակում»,- նշեց Կարեն Առուստամյանը։ 

Նա նաև ասաց, որ ցածր է եղել կառավարության պարտքի տոկոսավճարների միջնաժամկետ կանխատեսումների որակը: Օրինակ՝ 2018 թվականի կառավարության պարտքի փաստացի մեծությունը գերազանցել է  2016-2018 թթ. ռազմավարությամբ կանխատեսված մակարդակը` 28,5 տոկոսով: Այս մասով, ըստ Կարեն Առուստամյանի,  հաշվեքննիչ պալատը ներկայացրել է առանձին առաջարկություններ:

Նրա խոսքով՝ ` բացակայել է նաև վարկային ռիսկի գնահատման մեթոդաբանությունը և դրա հիման վրա նախքան երաշխիքի տրամադրումը և տրամադրումից հետո իրականացված ռիսկի գնահատումները:

Նշվեց նաև, որ բյուջետային վարկավորման գործընթացը կրել է իրավիճակային բնույթ: «Ենթավարկերի և բյուջետային վարկերի տրամադրման քաղաքականություն չի հրապարակվել՝ չնայած այդպիսիք տրամադրվել են: Ենթավարկերի և բյուջետային վարկերի հարցում բացակայել է վարկային ռիսկի գնահատման մեթոդաբանությունը»,- ասաց նա:

Ըստ Կարեն Առուստամյանի, միաժամանակ կան նաև դրական արձանագրումներ: «Պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծերի գնահատման և ընտրության կարգ ունենք արդեն: Պարտքի կառավարման և ֆինանսական- տեխնիկական սպասարկման և ադմինիստրատորի պարտականությունների կատարման կարգ նույնպես արդեն ունենք: Պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման կառավարության պարտքի սպասարկման, գանձապետական պարտատոմսերի հաշվառման, սպասարկման ընթացակարգեր նույնպես արդեն ունենք»,- ընդգծեց նա։  

 

  • Կիսվել: