ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
2024-ին Կառավարության պարտքի մայր գումարի և տոկոսավճարների վճարմանը կուղղվի շուրջ 2 միլիարդ դոլար

2024-ին Կառավարության պարտքի մայր գումարի և տոկոսավճարների վճարմանը կուղղվի շուրջ 2 միլիարդ դոլար

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին Կառավարության պարտքի մայր գումարի և տոկոսավճարների վճարմանն ուղղել շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլար կամ 803 միլիարդ ՀՀ դրամ: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
 
«Այս վճարումների 65 %-ը բաժին է ընկնելու ներքին պարտքին, իսկ 35 %-ը՝ արտաքին պարտքին։
 
Արտաքին պարտքի մարման և սպասարկման գծով նախատեսվում է վճարել 716 միլիոն ԱՄՆ դոլար, որի 26 %-ը կուղղվի Համաշխարհային բանկի, 24 %-ը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և 15 %-ը՝ Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկերի մայր գումարի և տոկոսավճարների մարմանը։
 
Կառավարության ներքին պարտքի հիմնական բաղադրիչներն են ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական և արտարժութային պետական պարտատոմսերը։
 
Կառավարության արտաքին պարտքի հիմնական բաղադրիչներն են արտաքին վարկերը և փոխառությունները, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված ՀՀ պետական գանձապետական և արտարժութային պետական պարտատոմսերը»,- այդ մասին ասված է նախարարության ֆեյսբուքյան էջում։
 

  • Կիսվել: