ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՊԵԿ-ը հորդորում է եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

ՊԵԿ-ը հորդորում է եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին դարձյալ հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ստորագրված ու սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ): Նշենք, որ հարկ վճարողների սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները հրապարակվել են դեռևս հունիսին և տեղադրվել ՊԵԿ պաշտոնական կայքում:

Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում  է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ՝

1․ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ ստորագրված և սկանավորված տեղեկանքը (պարտադիր ստուգել վճարված գումարի ճշտությունը). 

2․ գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում է փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ բոլոր դիմումներն առանց խնդիրների ստացվում և ժամանակին ուսումնասիրվում են: Ուստի հարկային մարմնի սպասարկման սրահների աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով` հեռախոսազանգերի միջոցով գումարի վերադարձման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար նորից դիմելու անհրաժեշտություն չկա: ՊԵԿ-ը հավաստիացնում է` գումարները կվերադարձվեն հնարավորինս արագ։

  • Կիսվել: