ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ներմուծման մաքսատուրքը կավելանա ոչ թե 6, այլ 1.5-2 անգամ. Ներսիսյան

Ներմուծման մաքսատուրքը կավելանա ոչ թե 6, այլ 1.5-2 անգամ. Ներսիսյան

Ինչպես հայտնի է՝ լուրեր են տարածված, թե ներմուծման մաքսատուրքն ավելանում է 6 անգամ: Այսօր ճեպազրույցի ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հերքեց այդ լուրերը և ասաց, որ ավելացումը կլինի մոտ 1.5-2 անգամ:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել կոշիկի և հագուստի ներմուծմամբ զբաղվող առևտրականները:

Ներսիսյանը, մասնավորապես, ասաց, որ տնտեսվարողների հետ, որոնք հավաքվել էին Կառավարության մոտ, երեկ արդեն իսկ հանդիպել են Ուրբան մաքսային պահեստում: Զրույցի ընթացքում, ըստ նրա, պարզվել է, որ տնտեսվարողների բարձրացրած հիմնական խնդիրը գնային քաղաքականությունն է:

ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ մաքսային մարմինները գների ուսումնասիրություն են իրականացնում՝ աշխատելով տնտեսվարողների հետ, ընդ որում՝ ուսումնասիրվում են թե՛ տեղական, թե՛ այլ երկրների շուկաները, որտեղից ներմուծվում են ապրանքներ:

Ներսիսյանը վստահեցրեց, որ երեկ իրենք նույնպես առաջարկել էին տնտեսվարողներին, որ եթե մաքսայինի հաշվարկած գների հետ համաձայն չեն, ներկայացնեն այն գները, որով իրականում Թուրքիայում ձեռք են բերում ապրանքները, և աշխատանքային քննարկում իրականացնեն:

՛՛Երեկ պայմանավորվել էինք, որ այսօր առավոտյան ժամը 10-ին Արարատյան մաքսատան պետի մոտ աշխատանքային հանդիպում ենք ունենալու, և իրենք գներն են ներկայացնելու, բայց օրվա ավարտին տեղեկացանք, որ տնտեսվարողները որոշել են աշխատանքային հանդիպման չմասնակցել, փոխարենը Կառավարության շենքի դիմաց ցույց են անելու՛՛,-հավելեց նա՝ ասելով, որ այսօր տնտեսվարողներից մի քանիսը եղել են իր աշխատասենյակում, քննարկվել են բարձրացված հարցերը:

ՊԵԿ-ից ներկայացվել է, թե մաքսային մարմինների հաշվարկով ապրանքների ներմուծման մոտավոր ինչ գներ են նախատեսում: Ըստ Ներսիսյանի՝ տնտեսվարողներն ընդունել են այդ գնեևի՝ խելամտության սահմանում լինել:

Ներսիսյանն ասաց, որ  տնտեսվարողներն ուզում են աշխատել նախկինի պես: Նա վստահեցրեց, որ  ջինսե տաբատը, օրինակ, ըստ մաքսային մարմինների հաշվարկի, Թուրքիայում գնվում է միջինը մոտ 7 դոլարով: ՛՛Այսօր բոլոր ջինս ներմուծողները, որոնք իմ աշխատասենյակում էին, համաձայնեցին, որ հաշվարկն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը՛՛,- ասաց նա:

ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց, սակայն, որ տնտեսվարողները հեռացել են և ասել, որ իրենց բարձրացրած խնդիրը, այնուամենայնիվ, լուծում չի ստանում:

Ներսիսյանն ասաց, որ իրենք ամբողջությամբ անցում են կատարում ճշգրիտ հայտարարագրման մեխանիզմի, որը, նրա խոսքով, հագուստի շուկայի դաշտում ապահովելու է հավասարություն:

 

  • Կիսվել: