կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ներդրողները պատրաստ են 20 մլն դոլար ուղղել Երևանի մանկական երկաթուղում ճոպանուղու կառուցմանը. Ավինյան

Ներդրողները պատրաստ են 20 մլն դոլար ուղղել Երևանի մանկական երկաթուղում ճոպանուղու կառուցմանը. Ավինյան

Նույն ներդրողն առաջարկել էր նաև Մանկական երկաթուղու ծրագիրը, որտեղ քաղաքապետարանն առաջարկել էր ճոպանուղու նախագիծ ներառել և ներդրողը համաձայնել է: Եթե գաղտնիք չէ, մենք այդ նախագծի ո՞ր փուլում ենք: Այս մասին այսօր կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին հարցի քննարկման ժամանակ հետաքրքրվեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Վահան Քերոբյանն արձագանքելով նշեց՝ կարելի է ասել, ավարտական փուլում է գտնվում:

«Հիմա ամփոփում և ձևավորում ենք ընդհանուր պատկերը: Շուտով այդ ծրագիրը ևս կհասնի կառավարությանը: Այստեղ, ըստ էության, նորից լինելու է մեր «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի մասնակից և մենք էլ հաճույքով կօգնենք ենթակառուցվածքային օժանդակությամբ՝ համաձայն բազային պայմանների, որը հաստատվել է»,- ասաց Քերոբյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց.

«Եթե Երևան քաղաքի հետ մենք նախագծի հետ կապված կոնսենսուս ունենք, ինձ թվում է, պետք է լավ արագացնել, տեմպ տալ»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ ենթակառուցվածքների ներդրման մասով ներդրողի հետ միայն ճոպանուղու նախագծի հետ կապված պայմանավորվածությունն այն է, որ իրենք պատրաստ են ներդնել մինչև 20 մլն դոլար ճոպանուղու կառուցման համար.

«Եթե դրանից ավել կլինի, որը քիչ հավանական է, միայն այդ դեպքում է ենթադրվում, որ ենթակառուցվածքային ծրագրով Էկոնոմիկայի նախարարությունը կարող է միջամտել: Մանկական երկաթուղու մնացած հատվածի կառուցումն ամբողջապես իրենց ֆինանսական միջոցներով է արվում»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետ Գրիգորյանն էլ հետաքրքվեց, թե նախագծի հետ կապված կոնսեսուս կա՞: Ավինյանն ասաց, որ շատ երկար քննարկվել է.

«Նախագիծն այն տրամաբանությամբ, որն ասացի՝  նաև ճոպանուղով, մի բանի մասին չէ, այն դառնում է մի միջավայր: Մենք առաջարկելու ենք կառավարությանը Հրազդանի կիրճը ճանաչել որպես ռեկրեացիոն գոտի և դա իր սահմանափակումներն է ենթադրելու: Բայց, այս նախագիծն ամբողջապես այդ տրամաբանության մեջ տեղավորվելու է»,- ընդգծեց Երևանի փոխքաղաքապետը:

  • Կիսվել: