շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախատեսվում է ՀՀ տարածք մարդասիրական օգնությունը և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքներն ազատել տուրքից

Նախատեսվում է ՀՀ տարածք մարդասիրական օգնությունը և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքներն ազատել տուրքից

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունները: Նախատեսվում է ՀՀ տարածք մարդասիրական օգնությունը և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքներն ազատել տուրքից:

«Տուրքից ազատվում են նաև միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները՝ այդ փոխադրումների իրականացման ժամանակ: Տուրքից ազատվում են ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման կամ մաքսատուրքերի և հարկերի վճարումից ազատմամբ ՀՀ պետական սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները: Ազատվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ սահմանով տեղափոխվող միության անդամ-պետություններում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Խոսքը վերաբերում է նաև մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող (բացառությամբ՝ արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր)՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքներին, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքներին:

Փոփոխության արդյունքում, նախարարի խոսքով, պետբյուջեի եկամուտներից շուրջ 100 միլիոն դրամի կնվազի, այն բյուջեի վրա կունենա բացասական ազդեցություն, սակայն արգելքը վերացնելով՝ կավելանա Հայաստանից փոքր արտահանումների ծավալը:

Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:

  • Կիսվել: