ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախատեսվում է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով սահմանել լիազորող նորմեր

Նախատեսվում է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով սահմանել լիազորող նորմեր

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ նախագիծն ուղղված է երկու թիրախային խնդիրների լուծմանը:

«ՀՀ օրենսդրությամբ՝ շինարարության, քանդման կամ ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են նախապես համաձայնեցվում են շինարարության կամ քանդման թույլտվությունների հիման վրա: Սակայն սահմանված կարգով ձեռքբերված շինարարության, քանդման կամ ապամոնտաժման թույլտվությամբ ամրագրված պահանջը չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները հստակ սահմանված չեն: Հույս ունենք փոփոխություններով սահմանել վարչական պատասխանատվություն քանդման թույլտվություն ստանալու և ժամանակին այդ քանդման աշխատանքները չիրականացնելու դեպքում»,- ասել է Գրիգորյանը: 

Գործող օրենքով՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված, քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելն առաջացնում է տուգանքի նշանակում շինարարության նախահաշվային արժեքի 1 տոկոսի չափով: Տուգանքը նշանակվելուց հետո նոր սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելն առաջացնում է  տուգանքի նշանակում շինարարության նախահաշվային արժեքի 10 տոկոսի չափով: 

«Կարգավորումն այն է, որ երբ «կառուցապատում» է գրված միայն, հստակ չէ: Մենք ավելացրել ենք նաև «քանդումը»»,- ասել է նա:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (ուժեղացման և վերակառուցման՝ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող և քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով սահմանել լիազորող նորմեր Կառավարության համար:

Նշված նորմերի սահմանումը հնարավորություն կտա նախ մշակել և ընդունել Հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրով նախատեսված ակտերը, այնուհետև՝ դրանցով սահմանված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն՝ իրագործել  հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրեր:

Հայաստանի Հանրապետության մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքագրված տվյալների համաձայն՝ ըստ բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքներով առկա եզրակացությունների՝ հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Այսինքն՝ առկա տվյալների համաձայն անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19000 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը: Հիմնական ծավալները բաժին են ընկնում Երևան քաղաքին՝ 120 բազմաբնակարան շենք, Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերին համապատասխանաբար՝ 149 և 123 բազմաբնակարան շենք:

Հանրապետության բնակավայրերում առկա է նաև քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն (որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետևանքով):

  • Կիսվել: