«Մուլտի գրուպ»-ի ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ
«Մուլտի գրուպ»-ի կազմի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերաբացել իրենց աշխատավայրերը։
Լրագրողների հետ զրույցում «Մուլտի Վելնեսի» տնօրեն Արման Փիրոյանը նշեց՝ թեպետ մարզահամալիրը վերաբացվել է, բայց այս դեպքում էլ քաղաքապետարանն ապօրինի կերպով օգտագործում է իրենց գույքը՝ դրա համար չունենալով ոչ մի իրավական հիմք։
Նրա խոսքով՝ մյուս ընկերությունների մասով այսօր հույս ունեն որոշակի պատասխան ստանալ, իրենց դեպքում, սակայն, նման ակնկալիք չունեն։
Ծաղկաձորի «Ռոյալ Սքայ» ռեստորանի տնօրեն Արմինե Դավթյանը նշեց՝ մինչ օրս որևէ պատասխան չունեն՝ երբ են բացվելու ընկերությունները, երբ են բանկային հաշիվների կալանքները հանվելու, և ով է վճարելու բոլոր այն աշխատակիցներին, որոնք արդեն շաբաթներ շարունակ հարկադիր պարապուրդում են։
«Եթե իրենց համար կարևոր են մարդկային կյանքերը, իմ կարծիքով` այսօր մեզ պատասխան կտան։ Թեկուզ թող ասեն՝ մեկ շաբաթից կբացվեն, բայց հասկանանք, թե մարդկանց ինչ պատասխան տալ»,- ասաց Դավթյանը։
Շուրջ 40 րոպե անց ընկերությունների ղեկավարները կառավարություն են մտնում հանդիպման։ Դեռևս անհայտ է, թե ով է ընդունելու նրանց։



