Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեությունը կապահովագրվի. ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգի նախագիծը:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ իրավական ակտի ընդունումը բխում է 2024 թվականին ընդունված «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից:
Ներկայում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության իրավական դաշտը կարգավորված չէ: Նախագիծը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների և պետության, այնպես էլ փորձաքննության պատվեր ներկայացնող անձի շահերը մշակութային արժեքների փորձաքննության արդյունքում առաջացող հնարավոր վնասներից:
Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրումը կիրականացվի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի կնքմամբ: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի փոխհատուցելու փորձաքննության պատվեր ներկայացրած անձին, ինչպես նաև պետությանը հասցված վնասները, որոնք առաջացել են փորձաքննող մասնագետի ոչ կանխամտածված գործողությունների (անփույթ արարքի, սխալմունքի կամ բացթողման) հետևանքով:
Կսահմանվեն նաև փորձագետի ապահովագրության վճարները՝ ըստ տվյալ մասնագետի նախորդ տարվա ընթացքում մատուցած ծառայությունների շրջանառության ծավալի: Ըստ այդմ՝ կարող է սահմանել 500 հազարից մինչև 15 մլն ՀՀ դրամ տարեկան ապահովագրության ընդհանուր սահմանաչափ: Նոր գրանցված փորձագետների համար կսահմանվի 5 մլն դրամ սահմանաչափ:
Կարգի ընդունման արդյունքում փորձագետներն իրենց գործունեության իրականացման ողջ ընթացքում կունենան մասնագիտական ապահովագրության պայմանագիր:
Նախագծի քննարկումն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև մայիսի 23-ը: Քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպությունները, մասնագետներն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները: