չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մկնդեղի բարձր պարունակություն՝ հողում, և դիօքսինի՝ հավկիթում. չեխ փորձագետների հետազոտությունները Լոռիում

Մկնդեղի բարձր պարունակություն՝ հողում, և դիօքսինի՝ հավկիթում. չեխ փորձագետների հետազոտությունները Լոռիում

Ախթալայի և Մեծ Այրումի պոչամբարները կարող են վտանգ ներկայացնել էկոհամակարգերի և տեղի բնակիչների համար, այսօր Երեւանում ասել է Չեխական «Արնիկա» քիմիական անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպության գործադիր տնօրեն Յինդրժիխ Պետրլիխը:

Նշենք, որ Լոռու մարզում Չեխիայի ԱԳՆ աջակցությամբ իրականացվող թունավոր նյութերի և թափոնների ծրագրի շրջանակներում հայտնաբերվել են փորձագետներին անհանգստացնող գործոններ: Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ արձանագրվել էին պոչերի արտահոսքի դեպքեր (հանքարդյունաբերական գործունեության թափոններ), ինչը կարող է հողի, ջրի աղտոտման, ինչպես նաեւ բուսականության մեջ ծանր մետաղների կուտակման պատճառ դառնալ:

Հետազոտությունը հաստատել է Մեծ Այրումում պոչամբարի անբավարար ֆունկցիոնալությունը: Ճոճկան գյուղում վերցված հողի փորձանմուշում հայտնաբերվել է մկնդեղի եւ պղնձի բարձր պարունակություն, ինչի մասին Յինդրժիխ Պետրլիխն ասել է. «Սա հաստատում է 2018 թ. մեր հետազոտությունների արդյունքները պոչամբարի շրջակայքում, որտեղ նույնպես հայտնաբերվել են պղնձի եւ մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ»: Ըստ փորձագետների՝ անհրաժեշտ է ստուգել նաև պոչամբարի պատվարի հիմքի ամրությունն ու կայունությունը:

Այսօր Լոռու մարզի Ախթալա համայնքում գտնվում երեք պոչամբարից մեկը գործող է։  Այն գտնվում է որոշ համայնքների անմիջական հարեւանությամբ, ինչն անհանգստություն է առաջացնում տեղի բնակիչների շրջանում, քանի որ տեղի են ունեցել նաև պոչերի (հանքարդյունաբերական գործունեության թափոնների) արտահոսքի դեպքեր, որոնց արդյունքում դրանք լցվել են Դեբեդ գետը։ 

Ինչրպես արդեն նշվեց՝ Չեխական <Արնիկա> քիմիական անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպությունը Լոռու մարզում մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ է հայտնաբերել շրջակա միջավայրում և հավկիթներում:

Այս առնչությամբ Յինդրժիխ Պետրլիխը նշեց, որ Չեխիայի ԱԳՆ աջակցությամբ իրականացվող թունավոր նյութերի և թափոնների ծրագրի շրջանակներում Ալավերդի եւ Ախթալա համայնքներում անալիզի համար վերցվել են հողի, բանջարեղենի, մրգերի և հավկիթի նմուշներ: Սրանից բացի՝ կատարվել է նաև տեղի բնակիչների մազերում ծանր մետաղների պարունակության հետազոտություն:

Ծանր մետաղների բարձր մակարդակ է հայտնաբերվել գյուղական տնտեսություններից վերցված հողի բոլոր նմուշներում, և նշվել է, որսա լուրջ վտանգ է ներկայացնում տեղի բնակչության առողջության համար տեսանկյունից։

Մասնավորապես՝ հողի մեջ հայտնաբերվել է մկնդեղի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցում, իսկ ուսումնասիրված մազերի նմուշներում հայտնաբերվել է նիկելի բարձր մակարդակ:

Պետրլիխն ասաց. «Արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք հայտնաբերում ենք դիօքսինների (շրջակա միջավայրի կայուն աղտոտիչների) շատ բարձր մակարդակ հավկիթներում: Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն չի աշխատում, բայց դիօքսինները կուտակվել են շրջակա միջավայրում»:

Նա նաև ասաց, որ իրենք խորհուրդ չէին տա վերաբացել Ալավերդու պղնձաձուլական գործարանը, կամ, եթե դա անխուսափելի է, այնտեղ պետք է նոր տեխնոլոգիաներ ներդրվեն։  Ինչ վերաբերում է պոչամբարին, ապա, ըստ Պետրլիխի, ցանկալի կլիներ ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնել, քանի որ այն ծանր մետաղների աղբյուր է»:

Նշենք, որ Լոռու մարզում թունավոր նյութերի եւ թափոնների նախագիծն իրականացվել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Transition ծրագրի աջակցությամբ: Նախագծի իրականացմանը աջակցել են <ԷկոԼուր> և CCMS (Centre for Community Mobilisation and Support) ՀԿ-ները:

  • Կիսվել: