Մշտադիտարկում Լոռիում․ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմությունները շարունակվում են
Այսօր՝ ապրիլի 17-ին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի թիմը կրկին ուղևորվեց մշտադիտարկման այցով, այս անգամ՝ Լոռու մարզ, գնահատելու 2023-2024 թվականների «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուների արդյունքներն ու առաջընթացը՝ ֆինանսավորումից 6 ամիս անց։
«Առաջին կանգառը Լեռնապատ համայնքում էր, որտեղ շահառու Համբարձում Ալոյանը սկսում է իր ջերմոցային տնտեսությունը։ Նա արդեն մշակում է հողը, իսկ առաջիկայում նախատեսում է սկսել լոլիկի և այլ գյուղմթերքների աճեցում։ Համբարձումի ցանկությունը հստակ է՝ զարգացնել տնտեսությունը և ապահովել իր ընտանիքի կայուն եկամուտը։
Աքորի գյուղում հանդիպեցինք Հայկ Աղաբաբյանին, ով զբաղվում է մեղվաբուծությամբ։ Նա պատմեց, որ առանց հիմնադրամի խորհրդի և աջակցության դժվար թե սկսեր մեղվաբուծությամբ զբաղվել․ մասնագիտական կողմնորոշման փուլում հիմնադրամի կողմից ստացած խորհրդատվությունը, ընտանիքի ոգևորությունը և փորձը նրան ուղղեցին դեպի այս գործը։ Ներկայումս ունի 20 փեթակ և նշում է, որ սիրով է զբաղվում այս աշխատանքով՝ գնահատելով մեղուների աշխատանքից ստացած իրական արդյունքը։
Վերջին կանգառը Վանաձորում էր, որտեղ Մնացական Լալազարյանը հիմնել է բազմապրոֆիլ սերվիսային կետ․ պատճենում, տպագրություն, լամինացիա, համակարգչային տեխնիկայի վաճառք և վերանորոգում։ Նա նշեց, որ ուսումնական սեզոնների մեկնարկը իր բիզնեսի ամենաակտիվ ժամանակահատվածն է։ Ներկայումս ներգրավել է նաև հարազատներին՝ ստեղծելով ընտանեկան փոքրիկ բիզնես, բայց այսքանով չի սահմանափակվում: Առաջիկայում նպատակ ունի ընդլայնել գործունեությունը՝ համայնքի համար աշխատատեղեր ստեղծելու հեռանկարով։
Հիշեցնենք որ 2023-2024 թվականներին ծրագիրն իրականացվում էր Լոռոում և Արմավորում: Ծրագրին երկու մարզերից մասնակցել էր 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած 41 զինծառայող, որոնցից 32-ը անցել էին բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթաց, որի արդյունքում մշակել էին բիզնես պլաններ: Հիմնադրամը ներկայացված բիզնես պլաններից հաստատել էր 27-ը, որոնցից 7-ը Լոռու մարզից էին:
Մշտադիտարկման արդյունքները ևս մեկ անգամ փաստում են, որ ծրագիրն իրենից միայն ֆինանսական աջակցոթյուն չի ենթադրում, այլ մարդկանց ուժեղացնելու և նրանց ապագան վստահ քայլերով կառուցելու հնարավորություն է տալիս։ Դրա մասին են վկայում այսօրվա մշտադիտարկման մասնակիցների գոհունակ դեմքերն ու իրենց զինակից ընկերներին ուղղված խորհուրդը, որ անպայման մասնակցեն ծրագրին»,- հայտնում են հիմնադրամից: