ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեզ ստիպում են հավելյալ հարկեր վճարել․ ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում․

Մեզ ստիպում են հավելյալ հարկեր վճարել․ ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում․

Ավտոներկրողներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց. նրանք բողոքում են որոշումից, ըստ որի իրենք պետք է այսուհետ վճարեն շահութահարկ։

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Հայտնի է, որ դրսից ներկրած ավտոմեքենաների արժեքները շատ ավելի ձեռնտու են, քան  այստեղ գործող արժեքները։ Այդ պատճառով շատ են մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկանում են թեկուզ 3 ամիս սպասել, բայց ունենալ ավելի լավ, էժան մեքենա։ Ի՞նչն է խնդիրը։

Մեզ նման ընկերությունները նախնական պայմանագիր են կնքում հաճախորդի հետ, ու փաստացի արձանագրվում է նաև մեքենայի գինը՝ գործող օրենքների ու հարկերի համաձայն։ Ամեն ինչ արվում է սպիտակ դաշտում, ոչ մի թաքուն բան չկա։ Եվ այն գները, որոնցով մեքենաները դուրս են գալիս աճուրդի, պարզ տեսնում են նաև մեր ՊԵԿ-ում, և մեքենաների մաքսազերծումն էլ, բնականաբար, այդ թվով է կատարվում»:

Ավտոներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Ռաֆիկ Ղազարյանն իր հերթին նշեց. «Մեզ պարտադրում են ունենալ 20 տոկոս շահույթ։ Ու ըստ օրենքի` եթե անգամ մենք չունենանք այդ շահույթը, նրանք մեզ պարտադրում են, որ շահութահարկը վճարենք հենց այդ 20 տոկոսից։ Այսինքն` եթե ավտոմեքենան ինձ վրա նստել է 10.000 դոլար, ես ինչքանով էլ այն վաճառեմ, պետք է արդեն առնվազն 2 հազար դոլարի 18 տոկոսը վճարեմ որպես շահութահարկ»:

Նա նշեց, որ նախագծի հեղինակները պատճառաբանել են, թե ավտոներկրմամբ զբաղվող ընկերությունները ունեն այդ եկամուտը, բայց չեն հայտարարագրում։ Ռաֆիկ Ղազարյանը վստահեցրեց, որ եթե իրենք իսկապես այդքան շահույթ ունենային, ապա այսօր այստեղ չէին լինի։

Ավտոներկրող Վարդան Օնանյանը, ով հայտնի լրագրող է, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորվել է, ասաց, որ ոչ մի ընկերություն 20 տոկոս եկամուտ չի ստանում, որ հարկվի այդ 20 տոկոսից. «Հավաստիացնում եմ ձեզ, որ վերջին տարվա իմ փորձը ցույց է տալիս, որ որևէ գործարք չի եղել, որ տնտեսվարողը մեկ մեքենայի վաճառքից ունենա 20 տոկոս եկամուտ։ Մեզ պարտադրում են ավելի եկամուտ ունենալ, որպեսզի հարկերը շատ լինեն։ Սակայն ոչ ոք իրավունք չունի ինձ ասելու, թե ես ինչքան եկամուտ պետք է ունենամ։ Եթե տոնածառ ներկրողը այդ տոնածառը գնել է 1000 դրամով, ոչ ոք իրավունք չունի նրան ասելու, որ 1100-ով մի վաճառի, այլ վաճառի 1200-ով»,– աաց նա։

Ավտոներկրողները նշում են, որ ուզած-չուզած՝ ավելի թանկ են մեքենաները վաճառելու, քանի որ իրենց ստիպում են հավելյալ հարկեր վճարել:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:

  • Կիսվել: