հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեր երկրում 5,8 տոկոս տնտեսական աճ է եղել, 7,7 տոկոս` գնաճ. մեր միության երկրների մեջ ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը․ Նախարար

Մեր երկրում 5,8 տոկոս տնտեսական աճ է եղել, 7,7 տոկոս` գնաճ. մեր միության երկրների մեջ ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը․ Նախարար

Նախնական արդյունքներով` 2021 թվականին 5,8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որն ավելին է, քան պլանավորվում էր, բայց պակաս է մեր ցանկություններից։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այս առումով իրենցից շատ լուրջ ջանքեր են պահանջվում, որ կարողանան նշաձողներին հասնել։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ավելացրեց, որ իրենց ցանկությունները ավելի շատ են, քան արձանագրված ցուցանիշները, բայց նախնական տվյալներ ներկայացրեց նույն ակումբում գտնվող երկրների ցուցանիշներից։

«Ռուսաստանում տնտեսական աճը եղել է 4,4-4,5 տոկոսի սահմաններում, իսկ գնաճը՝ 8,4, Բելառուսում տնտեսական ակտիվությունը 2,3 տոկոս է եղել, գնաճը՝ 10 տոկոս, Ղազախստանում տնտեսական ակտիվությունը 3,3 տոկոս է եղել, գնաճը՝ 8,4 տոկոս։ Մեր երկրում 5,8 տոկոս տնտեսական աճ է եղել և 7,7 տոկոս գնաճ, այսինքն  մենք մեր միության երկրների մեջ ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը»,-ասաց նա։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ավելացրեց, որ գնաճը միջազգային ֆենոմեն է և զարգացած երկրներում կա գնաճի բարձր մակարդակ, օրինակ՝ ԱՄՆ-ում կարող է հասնել մինչև 7 տոկոս։

«Մենք կարծում ենք, որ այս տարվա վերջում, չնայած կարգավորվող գների որոշակի աճերին՝ լույս, գազ, ջուր, մենք կվերադառնանք միջակայք՝ գնաճի առումով, և մեր գործողությունների տրամաբանությունը դրան է միտված»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019 թվականին արձանագրվել է պարենային ապրանքների գների աճ, և Հայաստանը այն բացառիկ երկրներից էր, որում նվազում էր նկատվել։ Նա նշեց, որ բոլոր գնաճային երևույթները արտաքին ազդեցության հետևանք են։

  • Կիսվել: