շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարտի 3-ը Գործարարի օրն է

Մարտի 3-ը Գործարարի օրն է

Մարտի 3-ը Հայաստանում պաշտոնապես հայտարարված է Գործարարի օր։ Այն նշելու, արածն ամփոփելու, կատարելիքի մասին խորհրդածելու յուրահատուկ ավանդույթ է ձևավորվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից։

Ըստ այդմ՝ մարտի 3-ին, որը նաև հայ մեծանուն գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է, Միության անդամները ծացկեպսակ ու ծաղիկներ դրեցին նրա՝ Երևանի կենտրոնում կանգնեցված արձանին: Արարողությանն իր մասնակցությունն էր բերել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այնուհետև մայրաքաղաքի Ս․ Աննա եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Ալեքսանդր Մանթաշյանցի։

Գործարարի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ «Այսօր, հիրավի, կարող ենք արձանագրել, որ մեզանում ունենք ձևավորված, կայացած և մրցունակ գործարար խավ, որը բանիմացությամբ կարողանում է զարգացում ապահովել տնտեսության ամենատարբեր ոլորտներում, նպաստել պետական բյուջեի շարունակական հարկային ավելացմանը, գործատեղերի ստեղծմանը, սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանը՝ հանրության առջև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաջ գիտակցմամբ»,-մասնավորապես ասված է ուղերձում։

Արսեն Ղազարյանի խոսքով՝ ներկայիս ոչ հեշտ ժամանակներում գործարարներից պահանջվում է առավել ջանասիրություն, նպատակասլացություն, նորարարություն, արդիական տեխնոլոգիաների ներգրավում, մրցակցային կարողությունների հզորացում, լայնախոհ մոտեցում։ Նաև՝ հասարակական ակտիվ դիրքորոշում՝ գործարար համայնք-հանրություն, մասնավոր հատված-պետություն ակտիվ երկխոսության ծավալում, իրավական դաշտի կատարելագործմանը հետևողական ներգրավածություն, պետական ու ազգային շահերին սատարում։

  • Կիսվել: