Made in Armenia ՀԿ-ն նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը ՓՄՁ-ներին ուժեղացնելու միջոցով
Made in Armenia հասարակական կազմակերպությունը իր առջև խնդիր է դրել աջակցել ու նպաստել հայկական արտադրության ապրանքների վաճառքի առաջխաղացմանն ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում, ուժեղացնելով փոքր ու միջին ձեռնարկություններին՝ նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը: Հուլիսի 7-ին կայացավ 2021-ի վերջին հիմնադրված Made in Armenia ՀԿ-ի Փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագրի շնորհանդես-միջոցառումը, ինչը մեկ հարթակում համախմբեց պետական, մասնավոր և հասարակական ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկրում ՓՄՁ վիճակի, արտահանման խնդիրների, վաճառքների ընդլայնման հնարավորությունների, ներդրումների և տնտեսության զարգացման հետ կապված այլ հարցեր:
Made in Armenia-ի նպատակների իրագործման հարցում աջակցում են Հայաստանում և արտերկրում հայկական արտադրանքի առցանց վաճառքով զբաղվող, լոգիստիկ և մարքետինգային ծառայություններ մատուցող ընկերությունները՝ հայ արտադրողներին հնարավորություն տալով ստանձնել համապարփակ աջակցություն՝ վերը թվարկված ուղղություններով: «Արդեն ունենք բավականին հաջողված փորձ՝ տարբեր ոլորտներում փոքր ու միջին արտադրողների ծառայություններ մատուցող ընկերությունների միջև բիզնես կապերի ստեղծման հարցում: Հուսով եմ, որ համախմբվելով հայկական արտադրության զարգացմանը համակողմանիորեն աջակցելու, հայկական արտադրանքը նախընտրելի դարձնելու գաղափարախոսության շուրջ՝ մենք կկարողանանք միասնաբար նպաստել մեր երկրի տնտեսության զարգացմանը»,-ասաց Գրիգորյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մեծապես կարևորեց նման միջոցառումների անցկացումը երկրի համար՝ շեշտելով պետություն-մասնավոր երկխոսության կարևորությունը: Անդրադառնալով ՓՄՁ-ին, կառավարության թիրախներին՝ փոխնախարարն ասաց. «Փոքր ու միջին ձեռնարկությունները մեզ համար կարևոր են ոչ թե որպես աշխատատեղեր ստեղծող կամ տնտեսական դիմակայունություն բարձրացնող ոլորտ, այլ առաջին հերթին դրանք կարևոր են, որովհետև մենք կարծում ենք, որ ներառական տնտեսությունը հիմք է ներառական քաղաքական համակարգի համար: Ժողովրդավարության կայացման համար առանցքային է փոքր ու միջին ձեռնարկությունների կայացումը, քանի որ դա ստեղծում է միջին խավ, ինչն էլ իր հերթին բերում է ներառական քաղաքական համակարգի»:
Կառավարության ներկայիս ծրագրով պետությունը որդեգրել է ՓՄՁ-ների կշիռը բարձրացնել ավելացված արժեքում ընդհուպ 50 տոկոս: Փոխնախարարը կարծում է, որ այդ ամենի հետևում դրված համապարփակ միջոցառումները հնարավորություն կստեղծեն մոտենալ այդ թիրախին: Նա նշեց օրինակ կառավարության աջակցության, սուբսիդավորման ծրագրերի մասին:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն էլ նշեց, որ, ցավոք, դեռևս չի հաջողվել ամբողջապես կայացել տնտեսական դիվանագիտություն ինստիտուտը: «Մենք այսօր ամբողջ ուժով այդ պրոցեսն ենք իրականացնում և փորձում ենք այդ ինստիտուտը զարգացնել»,-ասաց նա՝ շեշտելով տարբեր երկրներում առևտրային կցորդների ներկայության առավելության մասին: