չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի  հայտերի 40 տոկոսը մերժվել է.նախարար

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի հայտերի 40 տոկոսը մերժվել է.նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում  ներկայացրեց կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերի արդյունքները։

Նա նշեց, որ արդեն մեկ ամիս է Կառավարության կողմից իրականացվում է տնտեսական աջակցության թվով չորս ծրագիր։

Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ առաջին ծրագրով նախատեսվում է  մինչև 500 մլն դրամի աջակցություն վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար` անկախ գործունեության ոլորտից։

Ըստ նրա, առաջին ծրագրից արդեն իսկ օգտվել են 284 կազմակերպություններ, որոնք ունեն 24,6 մլրդ դրամ ընդհանուր գումարով հաստատված վարկային հայտեր։

«Երկրորդ միջոցառման շրջանակում մեր շահառու ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների թիվը գերազանցում է 6 հազարը, որոնցից 5 500-ն այն անհատներն են կամ կազմակերպությունները, որոնք դիմել են մինչև 1 մլն դրամ վարկավորման աջակցության գործիքից օգտվելու համար: Երրորդ միջոցառման շրջանակում շահառու են հանդիսացել 549 կազմակերպություններ, որոնք ունեն 6,3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով վարկային հայտեր»,- հայտնեց Տիգրան Խաչատրյանը:

Նա նաև հայտնեց, որ տնտեսական հետևանքների չեզոքացման թվով հինգերորդ ծրագրի համար կառավարությունն արդեն տրամադրել է 1,9 մլրդ դրամ գումարի աջակցություն: Այս ծրագրով խրախուսում են այն կազմակերպություններին, որոնք այս տարվա երրորդ ամսվա դրությամբ շարունակում էին աշխատողներին պահել աշխատանքի մեջ։

Հարցին, թե բազմաթիվ ձեռնարկատերեր հայտարարել են՝  համապատասխանում են օժանդակություն ստանալու առաջադրված չափանիշներին, բայց նրան հայտերը մերժվում են և կանգնած են փակման վտանգի առաջ,  Տիգրան Խաչատրյանն ասաց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրին դիմած  հայտերի մոտ 40%-ը մերժվել է:

«Այս մեկ ամսվա ընթացքում հայտերի գրեթե 60%-ը բավարարվել են, մոտ 40%-ը՝ մերժվել են, քանի որ  չեն համապատասխանել ոլորտային այն գործունեության տեսակներին, որոնք կառավարության կողմից հայտարարված են, որպես աջակցության թիրախային շրջանակ: Կառավարությունն այս պարզեցված եղանակով նպատակ ունի աջակցել այն կազմակերպություններին, որոնք ոլորտային առումով մեծ չափով են տուժել կորոնավիրուսի տարածման հետևանքով»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարը։

Նրա խոսքով, հնարավոր է նաև դրանք այն ընկերություններն են, որոնք գտնում են՝ իրենց վարկային պատմությունը բավարար է, սակայն պարզվել է, որ այդպես չէ. «Եթե կան նման փաստեր, թող ուղարկեն մեզ, մեր աշխատակիցները դրանք կդիտարկեն, նման դիմումներ ամեն օր էլ ստանում ենք»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ է արվում գյուղմթերքի մթերմանն աջակցելու համար, ինչին ի պատասխան Տիգրան Խաչատրյանն ասաց, որ դեռ վաղ է մթերման մասին խոսել, բայց արդեն այսօր քննարկում են, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ։

«Կառավարության աջակցության ուղղություններից մեկը մթերող կազմակերպություններին են վերաբերում: Աջակցությունը կուղղվի ոչ միայն մթերող ընկերություններին, այլև ֆերմերային տնտեսություններին»,- նշեց նա։

  • Կիսվել: