երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Համագործակցությունը մեր երկրների միջև խորանում է. Էստոնիայի վարչապետը՝ Փաշինյանին

Համագործակցությունը մեր երկրների միջև խորանում է. Էստոնիայի վարչապետը՝ Փաշինյանին

Համագործակցությունը մեր երկրների միջև խորանում է. ես դա ողջունում եմ, ավելի սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում, ավելի հստակ առաջնահերթությունները մեզ հեռուն կտանեն: Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը:

Նա, մասնավորապես, նշեց. «Անցած տարվա դեկտեմբերին Էստոնիայում մենք հասանք մի կետի, երբ մեր բոլոր հանրային ծառայությունները 100 տոկոսով թվայնացված են: Մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատել, որպեսզի նվազեցնենք բյուրոկրատական քաշքշուկները:

Մեծ պատիվ է, որ Էստոնիայի փորձն օգնում է ձևավորել Հայաստանի՝ դեպի ապագան ուղղված թվային պետությունը:

Էստոնական ընկերությունն աջակցում է, որպեսզի մի նախագիծ իրականացվի, ըստ որի՝ ՀՀ հարկային իշխանությունների և բանկերի միջև տվյալների փոխանակում տեղի ունենա»:

Ըստ Միխալի՝ կարևորագույն բարեփոխումներ են իրականացվում Հայաստանում:

«Դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ ԵՄ-ի հետ: Էստոնիան ձեզ աջակցում է այս հարցում: Ես ձեզ խրախուսում եմ, որ բարեփոխումները շոշափելի օգուտներ կբերեն առաջին հերթին ձեր ժողովրդին: Սա է վկայում 20 տարի առաջվա մեր փորձը: Մենք ակտիվորեն աջակցել ենք դեպի Հայաստան ԵՄ աջակցության մեխանիզմների ընդլայնման, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին»,- նշեց Միխալը:

Նա նաև նշեց, որ Էստոնիան և Հայաստանը համագործակցում են կրթության ոլորտում, ուսուցիչների վերապատրաստման և կրթական նորարարությունների ուղղությամբ: 

Վարչապետը նաև ընդգծեց, որ Էստոնիայի զարգացման համագործակցության կենտրոնը օգնում է նաև ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը: «Մենք պատրաստ ենք կիսվել մեր բիզնես դիվանագիտության փորձով»,- նշեց նա: 

 

  • Կիսվել: