երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Հայաստանը դիմում է ԵՄ անդամակցության համար, բայց մասնակցում է Մոսկվայում իրականացվող շքերթներին». լրագրողը՝ Փաշինյանին

«Հայաստանը դիմում է ԵՄ անդամակցության համար, բայց մասնակցում է Մոսկվայում իրականացվող շքերթներին». լրագրողը՝ Փաշինյանին

«Մենք հարաբերությունների վատացման խնդիր չենք դնում որևէ ուղղությամբ։ Կարող է լինել տեսական երկու մոտեցում. խորացնել հարաբերությունները մի ուղղությամբ և փչացնել հարաբերությունները երկրորդ ուղղությամբ։ Մենք այդ մոտեցման կողմնակից չենք»։ Այս մասին այսօր Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը դիմում է ԵՄ անդամակցության համար, սակայն միաժամանակ մասնակցում է Մոսկվայում իրականացվող շքերթներին։

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Մեր մոտեցումն սա է՝ օգտագործել մեր ինքնիշխանությունը՝ խորացնելու հարաբերությունները բոլոր այն ուղղություններով, որտեղ ցանկանում ենք ավելի խորը հարաբերություններ ունենալ, որտեղ բավարար խորը չեն հարաբերությունները։ ՀՀ–ԵՄ հարաբերությունները հենց այդպիսին են։ Իհարկե, կարող են լինել իրավիճակներ, երբ տարբեր ուղղություններով մեր արտաքին հարաբերությունների միջև կլինեն որոշակի լարումներ, հատումներ, մենք այդ իրադրության կառավարումը պատկերացնում ենք մեր թափանցիկությամբ, ազնվությամբ մեր բոլոր գործընկերների առաջ, որպեսզի մութ անկյուններ մեր կողմից վարվող քաղաքականությունների վերաբերյալ չլինեն»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու չի ստացվում Ադրբեջանի հետ խաղաղության հասնել՝ Փաշինյանն ասաց. «Մեր կառավարությունը այդ թեմայի վրա աշխատում է ամենօրյա ռեժիմով, և մենք վճռական ենք այդ հարցում մեր անելիքը անել լիարժեք ձևով։ Մենք այս ռազմավարությունը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև նպատակին հասնենք, այսինքն խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Մենք չենք շեղվելու այս ճանապարհից»։

  • Կիսվել: