ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կոչ հայաստանցի սպառողներին՝ չխոչընդոտել արդեն իսկ ներկրված թուրքական ապրանքների սպառումը

Կոչ հայաստանցի սպառողներին՝ չխոչընդոտել արդեն իսկ ներկրված թուրքական ապրանքների սպառումը

Թուրքիայի կողմից ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծման հրահրման ու անմիջական մասնակցության, հայոց նոր ցեղասպանության և իր ծավալապաշտական նկրտումները կյանքի կոչելու որդեգրած քաղաքականության պարագայում՝ Հայաստանի համար օրակարգային է դարձել թշնամական տրամադրված այդ երկրի ապրանքների ներկրումից հրաժարումը։ Այս մասին համապատասխան կոչով արդեն դիմել ենք հայ գործարարներին, մի շարք ընկերություններ սեփական նախաձեռնությամբ ներկայումս հրաժարվել են թուրքական ապրանքների սպառումից, որոշակի նախաձեռնությամբ հանդես է եկել նաև գործադիրը, և ս․թ․ դեկտեմբերի 31-ից ժամանակավոր արգելք է դրվել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Այս մասին ասվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հայտարարության մեջ:

«Միաժամանակ, խնդիրներ են առաջացել այն գործարարների ու անհատ ձեռներեցների մոտ, ովքեր մինչ այս արդեն իսկ զգալի քանակով ապրանքներ են ներմուծել Թուրքիայից, կատարել զգալի ծախսեր և այժմ դժվարությունների առաջ են կանգնած դրանց սպառման առումով։ Արդեն Հայաստանում գտնվող ապրանքները բոյկոտելով՝ մենք ոչ թե վնասում ենք թուրքական կողմին, այլև դժվար կացության մեջ դնում հայաստանցի ներկրողներին, որոնցից շատերն ունեն նաև վարկային պարտավորություններ։ Ուստի, ևս մեկ անգամ հաստատելով այսուհետ Թուրքիայից ապրանքների ներկրումը դադարեցնելու անհրաժեշտության մեր համոզմունքը՝ հայաստանցի սպառողներին կոչ ենք անում ըմբռնողականություն ցուցաբերել և չխոչընդոտել արդեն իսկ ներկրված ապրանքների սպառումը։

Հայրենական արտադրողներին և թուրքական շուկայի հետ մինչ այս աշխատած գործարարներին կոչ ենք անում օր առաջ դրսևորել նախաձեռնողականություն, հաստատել նոր գործարար կապեր, համագործակցել արտերկրի նոր շուկաների հետ՝ հայաստանցի սպառողներին անհրաժեշտ ապրանքների պահանջարկը լիարժեք բավարարելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: