շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարգելվի բոլոր դասերի հրագործական արտադրատեսակների վաճառքը 16 տարին չլրացած անձանց

Կարգելվի բոլոր դասերի հրագործական արտադրատեսակների վաճառքը 16 տարին չլրացած անձանց

Հուլիսի 13-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից օրենքների նախագծերի փաթեթը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հիմնական զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, կարգելվի հրավառությունների ներմուծումը, բացառությամբ՝ պետական կամ համայնքային նշանակության տոների կամ պետական կամ համայնքային մասնակցության միջոցառումների ընթացքում:

Նախատեսվում են նաև տուգանքներ՝ ներմուծման հետ կապված պահանջները խախտելու դեպքերում: Կարգելվի 16 տարին չլրացած անձանց բոլոր դասերի հրագործական արտադրատեսակի վաճառքը:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշել է, որ օրենսդրական փաթեթը քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել:

Հարակից զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ելույթում նշել է, որ նախագծի ընդունումից հետո հանրության շահը վեր է դասվելու մասնավորի շահից: Նա նաև նշել է, որ ընդունվող սահմանափակումները հնարավորություն կտան չխախտել քաղաքացիների հանգիստը, կանխել մանկահասակ երեխաների խեղումները, ինչպես նաև կանխարգելել տեխնածին աղետները:

Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

  • Կիսվել: