Կառավարության ռազմավարական նպատակներից է Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի վերածելը
Այս տարվա սկզբին Հայաստանի կառավարությունը հաստատեց Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, որը, ինչպես հայտարարվեց, կոչված է դառնալու առաջիկա տարիներին երկրի զարգացման ուղենիշը, վերանայել և ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքն ու պետական ինստիտուտները: Դոկտրինի մի շարք դրույթների վերաբերյալ է «Արմենպրես»-ի հարցազրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանի հետ:
- Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի շրջանակում ի՞նչ անելիքներ ունի էկոնոմիկայի նախարարությունը:
- Դոկտրինի իրականացման գործում նախարարության գլխավոր առաքելությունը տնտեսության կառուցվածքային տրանսֆորմացիայի կառավարումն է: Գերատեսչությունը կենտրոնանում է արտադրողականության բարձրացման ապահովմանը՝ թիրախավորելով ընդհանուր գործոնային արտադրողականության աճը: Ներդրվելու է արդյունաբերական նոր քաղաքականություն, որը հիմնված է բարձր տեխնոլոգիական արտադրությունների խթանման վրա: Նախարարությունն ապահովում է ներդրումային էկոհամակարգի զարգացումը՝ ներդնելով պետություն-մասնավոր հատված գործընկերության թափանցիկ մեխանիզմներ, ինչպես նաև հասցեական գործիքակազմի ներդրմամբ նպաստում է կապիտալի շուկայի ակտիվացմանը: Նախարարության պատասխանատվության ներքո է նաև ագրոպարենային համակարգի արդիականացումը՝ ավանդականից ինտենսիվ գյուղատնտեսության անցումը:
- Որո՞նք են լինելու դոկտրինում սահմանված առաջնահերթությունների իրականացմանը միտված տնտեսական բնույթի առաջին քայլերը:
- Նախ գործող ծրագրերի վերագնահատումը: Կառավարությունը գնահատելու է, թե գործող տնտեսական ծրագրերից որոնք են համապատասխանում դոկտրինի առաջնահերթություններին, որոնք՝ ոչ: Չհամապատասխանողները դադարեցվելու կամ վերաձևակերպվելու են:
Մյուս քայլը վերաբերում է կարգավորումների պարզեցմանն ու կանխատեսելիության ապահովմանը: Իրականացվելու են կոնկրետ փոփոխություններ, որոնք կնվազեցնեն բիզնեսի վարչարարական ռիսկը: Երրորդը կառավարման մեխանիզմի ներդրումն է: Նախարարությունը յուրաքանչյուր կիսամյակի համար փոխվարչապետի գրասենյակի հաստատմանն է ներկայացնելու իր կողմից իրականացվելիք առաջնահերթությունների տեսլականը, որոնք, իհարկե, բխելու են դոկտրինից: Որոշվելու են պատասխանատուները, չափելի ցուցանիշները և պարբերաբար ներկայացվելիք հաշվետվության կարգը:
- Նշված է, որ դոկտրինը ներկայանում է որպես զարգացման ուղենիշ, որի նպատակն է վերանայել և ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքն ու պետական ինստիտուտները: Ի՞նչ ասել է ամրապնդել տնտեսական կառուցվածքը և ի՞նչ է ձեռնարկվելու այդ ուղղությամբ:
- Տնտեսական կառուցվածքն ամրապնդել նշանակում է նվազեցնել տնտեսության կախվածությունը պահանջարկն էականորեն մեծացնող ժամանակավոր գործոններից և բարձրացնել տնտեսության դիմադրողականությունն ու արտադրողականությունը: Գործնականում դա նշանակում է երեք գործոնների փոփոխություն: Առաջին՝ աճի աղբյուրների վերանայում: Այսինքն, շեշտը ներքին սպառման և շինարարության հաշվին աճից տեղափոխվում է դեպի արտահանելի արտադրություն, արդյունաբերություն և ծառայություններ, որոնք ստեղծում են կայուն եկամուտ: Երկրորդ՝ դիվերսիֆիկացում: Սա վերաբերում է արտահանման աշխարհագրության և ապրանքախմբերի դիվերսիֆիկացմանը: Երրորդ՝ արտադրական շղթաների ամբողջացում երկրի տարածքում: Նպատակն է հումքի արտադրությունից կամ պարզ ծառայությունների մատուցումից անցնել ավելի բարձր ավելացված արժեք ապահովող արտադրական գործընթացների՝ վերամշակում, ինժեներական լուծումներ, տեխնոլոգիաների ներդրում: Այս ուղղությամբ էական քայլեր արդեն իսկ իրականացվում են: Մշակող արդյունաբերության ոլորտում, օրինակ, նախարարությունը գործարարներին աջակցում է արտադրության սկզբնական փուլից մինչև վերջնական արդյունքի ստացման պահը: Կառավարությունը հումք կամ սարքավորում ներմուծող արտադրողին ազատում է ավելացված արժեքի հարկի վճարումից, իսկ տեքստիլ արդյունաբերության ոլորտում տրամադրում է նաև հումքի ձեռքբերման համար վճարվելիք տոկոսադրույքների սուբսիդավորում: Նորագույն տեխնոլոգիաներ ձեռք բերելու պարագայում պետությունը սուբսիդավորում է լիզինգի կամ վարկի տոկոսադրույքը: Եթե ընկերությունը մասնագետ է ներգրավում, պետությունը փոխհատուցում է նրա աշխատավարձի մի մասը: Արտադրական գործընթացի կատարելագործման դեպքում նույնպես ձեռնարկատերը միայնակ չի հոգում սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների ծախսերը: Իսկ պատրաստի արտադրանքի արտահանման պարագայում Կառավարությունն աջակցում է մաքսատուրքի փոխհատուցմամբ, արտահանման խթանմամբ, ցուցահանդեսներին մասնակցության աջակցությամբ: Սա է նախարարության քաղաքականությունը՝ ուղղված տեղական արդյունաբերության հզորացմանը, մրցունակության բարձրացմանը և ամենակարևորը՝ տնտեսության կառուցվածքային վերափոխմանն ու ըստ այդմ՝ մեր երկրի ինքնիշխանության ուժեղացմանը:
- Երկրի տնտեսական քաղաքականությունն ավելի համակարգային և կանխատեսելի դարձնելու ուղղությամբ ի՞նչ անելիքներ ունի էկոնոմիկայի նախարարությունը:
- Այս ուղղությամբ հիմնական անելիքները մի քանիսն են:
Առաջին՝ միասնական պետական տրամաբանության ներդրում: Սա ապահովելու է այն, որ պետական բոլոր ծրագրերը մշակվեն որպես մեկ ամբողջական համակարգի մաս: Ցանկացած նախաձեռնություն պետք է համահունչ լինի միջոլորտային առաջնահերթություններին:
Երկրորդ՝ տվյալահեն որոշումների կայացում: Ներդրվելու են մշտադիտարկման և գնահատման թվային գործիքներ: Քաղաքականությունը հիմնվելու է ոչ թե ենթադրությունների, այլ՝ իրական ժամանակում ստացվող տվյալների վրա, որոնք ակնառու են դարձնելու յուրաքանչյուր որոշման մուլտիպլիկատիվ էֆեկտը տնտեսության վրա:
Երրորդ՝ պետություն-մասնավոր հատված գործընկերության (ՊՄԳ) ինստիտուցիոնալացում: ՊՄԳ-ն դիտարկվելու է ոչ թե որպես առանձին ծրագրերի հաջորդականություն, այլ՝ կրթության, առողջապահության և ենթակառուցվածքների զարգացման ունիվերսալ գործիք՝ հստակ սահմանված ռիսկերի կառավարման մեխանիզմերով:
Չորրորդ՝ կարգավորումների օպտիմալացում: Վարչարարության պարզեցումը և թվայնացումը կրելու են համակարգային բնույթ՝ նպատակ ունենալով նվազեցնել բիզնեսի գործառնական ծախսերը և բարձրացնել երկրի ներդրումային գրավչությունը:
- Փաստաթղթում նշված է, որ այս դոկտրինը միտված է ապահովելու անցումը արձագանքող և հատվածային քաղաքականությունից դեպի նպատակային և նախապես որոշված տնտեսական մոդելի, որտեղ տնտեսական զարգացումը դիտարկվում է որպես պետական շահ։ Որո՞նք են լինելու նախապես որոշված տնտեսական մոդելի հիմնական դրույթները:
- Մոդելը հիմնված է այն կանխավարկածի վրա, որ տնտեսական աճը կապիտալի, մարդկային ներուժի և տեխնոլոգիաների նպատակային ուղղորդման արդյունք է:
Դրա հիմնական դրույթներից է արտադրողականության վրա հիմնված աճը: Մոդելի առանցքը ոչ թե պարզապես աշխատատեղերի ստեղծումն է, այլ բարձր ավելացված արժեք գեներացնող աշխատատեղերի ձևավորման խթանումը:
Հաջորդ դրույթը արտահանելի հատվածի առաջանցիկ զարգացումն է. ներքին փոքր շուկայից անցումը դեպի գլոբալ շուկաներ: Սա ենթադրում է տնտեսության «բարդության» (Economic Complexity) աստիճանի բարձրացում՝ հումքի արտահանումից անցում կատարելով պատրաստի տեխնոլոգիական լուծումների և բարձրորակ ծառայությունների:
Երրորդը՝ թվային և տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովումն է: Արհեստական բանականության և բարձր հաշվարկային հզորությունների (Al Fabric) ներդրումը դիտվում է որպես տնտեսության բոլոր ճյուղերի արդիականացման հիմք: Տեխնոլոգիան ոչ թե առանձին ոլորտ է, այլ «հորիզոնական գործիք», որը բարձրացնում է գյուղատնտեսության, արդյունաբերության և կառավարման արդյունավետությունը:
Չորրորդը՝ ներդրումային միջավայրի ինստիտուցիոնալ կանխատեսելիությունն է: Պետությունը երաշխավորում է «խաղի կանոնների» անփոփոխելիությունը: Սա ենթադրում է կամայական որոշումների բացառում և անցում պայմանագրային ու դատական ամուր երաշխիքների, ինչը ներդրողներին թույլ կտա կատարել երկարաժամկետ կապիտալ ներդրումներ:
- Որո՞նք կարող են լինել Հայաստանի ռազմավարական նպատակները երկարաժամկետ կտրվածքով:
- Կարող ենք առանձնացնել ռազմավարական երեք հիմնական տնտեսական նպատակներ: Առաջին՝ լոգիստիկ և աշխարհաքաղաքական առանցքային դերակատարման ապահովում: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի միջոցով Հայաստանի վերածումը տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի: Երկարաժամկետ նպատակը՝ տնտեսական և ենթակառուցվածքային առումով Հայաստանի ամբողջական ինտեգրումն է միջազգային առևտրական ուղիներին (Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք), ինչը կդառնա երկրի անվտանգության լրացուցիչ բաղադրիչ:
Երկրորդ՝ տնտեսական բարդության և արտադրողականության թռիչքաձև աճ: Մեր նպատակն է ապահովել անցումը հումքային տնտեսությունից դեպի բարձր տեխնոլոգիական հաբի: Սա նշանակում է զարգացնել տնտեսության այնպիսի ճյուղեր, որոնք հիմնված են մտավոր սեփականության և ինժեներական բարդ լուծումների վրա: Թիրախը տնտեսության «բարդության» աստիճանի բարձրացումն է, որտեղ արտահանման հիմնական արժեքը ստեղծվում է գիտելիքի, այլ ոչ թե բնական ռեսուրսների հաշվին:
Երրորդ՝ տեխնոլոգիական և էներգետիկ ինքնիշխանության ապահովում: Ռազմավարական նպատակն է ստեղծել էներգետիկ առումով անկախ և տեխնոլոգիապես հագեցած պետություն: Սա ենթադրում է միջուկային կայանի նոր էներգաբլոկի կառուցում, վերականգնվող էներգետիկայի մասնաբաժնի կտրուկ մեծացում և սեփական թվային ենթակառուցվածքների (Al Fabric) հզորացում: Հայաստանը պետք է ունենա տվյալների մշակման և պահպանման սեփական հզորություններ՝ ապահովելով թվային անվտանգությունն ու անկախությունը գլոբալ պլատֆորմներից:
- Երկրի տնտեսության լիակատար արդիականացման ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու պետությունը և որքա՞ն ժամանակ կպահանջվի այս խնդրի լիակատար լուծման համար:
- Էկոնոմիկայի նախարարությունն արդեն իսկ իրականացնում է արտադրողականության աճին միտված մի շարք ծրագրեր, որոնք ամբողջությամբ համահունչ են դոկտրինի տրամաբանությանը: Ցանկանում ենք առանձնացնել հետևյալ երկու ծրագրերը:
Արդյունաբերության, ծառայությունների և տեխնոլոգիական ոլորտների համար գործող վարկերի և լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրն ուղղված է ոչ թե շրջանառու միջոցների, այլ հիմնական կապիտալի թարմացման խնդրի լուծմանը՝ նոր սարքավորումների ներդրմամբ և արտադրական գործընթացների արդիականացմամբ: Այստեղ պետության աջակցությունը պայմանավորված է արտադրողականության բարձրացմանն ուղղված կոնկրետ ներդրման ներգրավմամբ:
Մյուսը գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրն է, որը ոլորտում տեխնոլոգիական արդիականացում և աճ է ապահովում մասշտաբի էֆեկտի շնորհիվ՝ ապահովելով անցում փոքր, ձեռքով կատարվող աշխատանքի վրա հիմնված արտադրությունից դեպի մեխանիզացված և ապրանքային գյուղատնտեսություն:
Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ 2000 թվականից սկսած արտադրողականության ցուցանիշը 0.7 դոլարից հասել է 10.3 դոլարի կամ աճել է շուրջ 15 անգամ: Աճի տեմպն արագացել է հատկապես 2020 թվականից հետո, երբ նախարարությունը սկսել է իրականացնել արտադրողականության բարձրացմանը միտված վերոնշյալ երկու ծրագրերը:
Ինչ վերաբերում է տնտեսության հետագա արդիականացման տեսլականին, ապա այն հետևյալն է՝ իրականացվող աջակցության ծրագրերն աստիճանաբար պետք է դառնան ավելի թիրախավորված և արդյունքահեն: Պետական աջակցությունը պետք է պայմանավորված լինի արտադրողականության, ծավալի կամ որակի աճով, այլ ոչ թե պարզապես ներդրում կատարելու փաստով: Այսինքն, դոկտրինը չի հայտարարում նոր սկիզբ, այլ կապիտալիզացիայի ենթարկելով արդեն իսկ եղած ձեռքբերումները՝ նախանշում է քաղաքականության բարելավման ուղղությունները:
- Դոկտրինի շրջանակում իրականացվելիք ծրագրերն ինչպե՞ս են համադրվելու «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը:
- Իրական Հայաստանն ունի միջազգայնորեն ճանաչված 29.743 քառակուսի կիլոմետր տարածք: Տնտեսական ծրագրերը (լիզինգ, արդիականացում) թիրախավորում են հենց այս տարածքի իրական շահառուներին: Պետությունն իր ռեսուրսները չի վատնում վերացական նպատակների վրա, այլ կենտրոնանում է այս հողի վրա ապրող և ստեղծագործող քաղաքացու վրա, որը վճարում է հարկեր՝ ապահովելով տնտեսական աճ: Տնտեսական քաղաքականությունը ոչ թե «պետական պլան» է, այլ գործիք, որը պետությունը տալիս է անհատին (գործարարին)՝ հարստանալու և հարստացնելու համար: «Իրական Հայաստան»-ը ենթադրում է աշխատանքի և գործարարության խթանում՝ «հարստացի՛ր և հարստացրու» կարգախոսի ներքո: Հենց այս տրամաբանությունն է ընկած և՛ դոկտրինի, և՛ մեր կողմից արդեն իսկ իրականացվող աջակցության ծրագրերի հիմքում: Եվ վերջապես, «Իրական Հայաստան»-ը խաղաղության և հարևանների հետ համակեցության մասին է: Սա նաև դոկտրինի հենասյուներից մեկն է:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1240398


