երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Աղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվում

Աղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվում

«Աղի լճի» տարածքում իրականացվող աշխատանքների նախագծում փոփոխություն է նախատեսվում, և լճի էկոհամակարգը չի խախտվի։ Այս մասին հայտնել է բնապահպան-ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։

Ըստ նրա՝ քիչ առաջ տարածքում հանդիպում է տեղի ունեցել Երևանի շինբարեկարգման պատասխանատուների, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, այլ պաշտոնյաների և մրցույթը շահած շինարարի մասնակցությամբ։

«Նախագծում արվելու է փոփոխություն և Աղի լճի էկոհամակարգը չի խախտվելու։ Լճի ներսում որևէ աշխատանք չի արվելու»,- գրել է Հայրումյանը։

Նա նաև նշել է, որ լճի հարակից եղեգները չեն քանդվելու և մնալու են այնպես, ինչպես կան, իսկ լճի հարակից պատերը նույնպես չեն փոփոխվելու։

«Մյուս բոլոր բարեկարգումներին մարդիկ կողմ են և ի սկզբանե կողմ էին»,- նշել է ակտիվիստը։

Հայրումյանը հայտնել է, որ առաջիկայում տեսանյութով ավելի մանրամասն կներկայացնի հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկությունները։

  • Կիսվել: