BRAF-ի 14-րդ տարեկան համաժողովը տեղի է ունենալու Հայաստանում
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում սեպտեմբերի 16-18-ին կայացել է Սևծովյան կարգավորող մարմինների (Black Sea Regulatory Authorities Forum) 13-րդ տարեկան համաժողովը, որը միավորում է 12 երկրների կարգավորող մարմիններին։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությունը մասնակցել է Համաժողովին՝ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ։
ՀՌՀ միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի պետ Ալլա Թումանյանը ներկայացրեց ՀՀ-ի հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները, ինչպես նաև 2025թ․ Հանձնաժողովի կատարած աշխատանքները և նշանակալի ձեռքբերումները։
Մասնակից անդամ մարմինների՝ երկրների վերաբերյալ զեկույցների ներկայացումից հետո ՀՌՀ-ն առաջադրվեց որպես 2027թ․ հաջորդ նախագահող մարմին, ինչը միաձայն հաստատվեց։ Այսպիսով՝ BRAF-ի 14-րդ տարեկան համաժողովը տեղի է ունենալու 2027թ․ սեպտեմբերին Հայաստանում։
Միջոցառման ընթացքում կայացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի և Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտում առկա զարգացումները և արդի մարտահրավերները, ինչպես նաև կարգավորող մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
«Ինչպես է ԱԲ-ն վերափոխում բովանդակության ստեղծումը, մոդերացումը և տարածումը» թեմայով առաջին պանելային քննարկմանը մասնակցել է ՀՌՀ նախագահի խորհրդական Լիլիա Սիմոնյանը, ինչպես նաև Բուլղարիայի և Հունաստանի ներկայացուցիչները։
Օրվա երկրորդ՝ «Մեդիայի կարգավորման ապագան ԱԲ-ով պայմանավորված աշխարհում» թեմայով պանելային քննարկմանը մասնակցել են Ալբանիայի, Թուրքիայի, Սերբիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։



