Եմենում երկու օրվա ընթացքում մարտերի հետևանքով 154 մարդ է զոհվել
Եմենում Իրանի կողմից աջակցվող «Անսար Ալլահ» շարժման հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությամբ գործող կառավարական ուժերի միջև վերջին երկու օրվա ընթացքում տեղի ունեցած մարտերի հետևանքով 154 մարդ է զոհվել։ Ինչպես տեղեկանում ենք France 24-ից, այս մասին հայտնել են երկու կողմերի ռազմական աղբյուրները։
«Թաիզի, ալ-Ջաուֆի, Մարիբի և Սաադայի նահանգներում սաուդյան ավիահարվածների, բախումների և հրետակոծությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 118-ի», - հայտնել են հութիների ռազմական աղբյուրները։
Կառավարական աղբյուրներն էլ հաղորդել են իրենց շարքերում 36 զոհի մասին։
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ շուրջ 130 000 եմենցիներ ստիպված են եղել լքել իրենց տները՝ երկրում հութիների կողմից սրվող մարտերի պատճառով։
«Տվյալները ցույց են տալիս, որ Եմենի յոթ նահանգներում 129 438 մարդ կամ 21 573 տնային տնտեսություն տեղահանվել է՝ անկայունության վատթարացման հետևանքով ընտանիքների՝ իրենց բնակավայրերից հեռանալու պատճառով», - նշված է հայտարարության մեջ:
Եմենի մարդու իրավունքների նախարարությունը դատապարտել է հութիների կողմից Լահջի նահանգի առևտրային շուկայի վրա իրականացված հարձակումը, որի ընթացքում կիրառվել են երկու բալիստիկ հրթիռներ։ Ըստ նախարարության՝ հարձակման հետևանքով վիրավորվել են մի շարք քաղաքացիական անձինք, վնասվել են առևտրային գույք ու տրանսպորտային միջոցներ։
Եմենի կառավարական ուժերը հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ինտենսիվ օդային հարձակումներ է իրականացրել Թաիզի նահանգի արևմուտքում գտնվող հութիների օբյեկտների, հավաքատեղիների և զենքի պահեստների վրա:
Հութիներին պատկանող Al-Masirah հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սաուդական ուժերը սեպտեմբերի 22-ի առավոտյան թիրախավորել են ազ-Զահիրի շրջանը և դրա շրջակա տարածքները։
Մեծ յոթնյակի (G7) արտաքին գործերի նախարարները կոչ են արել Իրանին դադարեցնել Եմենում հութիների ուժերին ցուցաբերվող ռազմական աջակցությունը՝ նշելով, որ նման օգնությունը վտանգավոր սրման միտում է, որը վտանգի տակ է դնում միջազգային առևտուրը և համաշխարհային կայունությունը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները դատապարտել են հութիների կողմից Եմենում և Սաուդյան Արաբիայի դեմ իրականացվող շարունակական հարվածները։



