երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Մարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշները

Մարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշները

Հայաստանի Անկախության 35-ամյակի միջոցառումների շրջանակում Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների կենտրոնական հրապարակներում նորակառույց պատվանդանների վրա բարձրացվել են Հայաստանի Հանրապետության մեծ Եռագույն դրոշները։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, սեպտեմբերի 21-ին Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակում մարզպետ Կարեն Սարգսյանը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հանդիսավորությամբ բարձրացրել են ՀՀ մեծ Եռագույն դրոշը։

Միջոցառման ընթացքում օրհնանքի խոսքով հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը։ Արարողությանը ներկա են եղել ուժային կառույցների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքի բնակիչներ և հյուրեր։

Հանդիսավոր արարողության ընթացքում կենդանի կատարմամբ հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, որին հաջորդել է տոնական մշակութային ծրագիրը։

Հայաստանի Անկախության 35-ամյակի առիթով մեծ Եռագույն է բարձրացվել նաև Մարտունիում։ Տոնական միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, որոնք նորակառույց պատվանդանի վրա բարձրացրել են Հայաստանի Հանրապետության մեծ Եռագույն դրոշը։

Միջոցառմանը ներկա են եղել ուժային կառույցների և կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ և համայնքի բնակիչներ։ Տոնական արարողությունն ուղեկցվել է համերգային ծրագրով։

Վարդենիս և Մարտունի քաղաքներում Եռագույնի նոր պատվանդանները կառուցվել են համապատասխան համայնքապետարանների ֆինանսավորմամբ։ Ծրագրերից յուրաքանչյուրի համար համայնքապետարանները հատկացրել են 16 միլիոն 230 հազար դրամ։

 

  • Կիսվել: