երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՀ սահմանամերձ բնակավայրերում 550 ընտանիք կկարողանա պետության աջակցությամբ տուն կառուցել

ՀՀ սահմանամերձ բնակավայրերում 550 ընտանիք կկարողանա պետության աջակցությամբ տուն կառուցել

Մինչև 2024 թվականի ավարտը առնվազն 550 ընտանիք պետության աջակցությամբ Հայաստանի 80 սահմանամերձ գյուղական բնակավայրում կկառուցի իր տունը։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Պետական ծրագիրը նախատեսված է միայն սահմանամերձ գյուղերի համար, և որից կարող են օգտվել անապահով կամ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։

«Ծրագրի հիմնական նպատակը սահմանամերձ գյուղական բնակավայրերի համաչափ և կայուն զարգացումն է, հատկապես շեշտադրելով անապահով ընտանիքների, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների կարգավորումը, քանի որ բոլորս գիտենք, որ եթե ընտանիքը չունի եկամուտ, գրեթե անհնար է, որ բանկը նրանց տրամադրի հիփոթեքային վարկ` անշարժ գույք ձեռք բերելու համար»,–պարզաբանեց սոցապ աշխատակիցը։

Նա հայտնեց, որ ծրագիրը նախատեսված է իրականացնել մինչև 2024 թվականի ավարտը։ 2023 թվականի համար պետական բյուջեով նախատեսվել է 466 միլիոն դրամ։
Ակնկալվում է, որ այդ գումարով կկառուցվի 300 տուն, իսկ 2024 թվականի համար շուրջ 1.5 միլիարդ դրամ է պետական բյուջեից հատկացվել։
Մինչև ծրագրի ավարտը շուրջ 550 ընտանիք սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցած կլինի։
 
Ղարագյոզյանի խոսքով` որևէ նշանակություն չունի շահառուների բնակության կամ հաշվառման վայրը, սակայն ծրագրի շահառու դառնալու հարցում կան որոշակի սահմանափակումներ։
«Մասնավորապես` ծրագրի շահառու կարող են դառնալ այն ամուսինները, որոնք ունեն ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, որոնք ունեն ցանկություն՝ կառուցելու տուն սահմանամերձ բնակավայրում, ունեն հողամաս կամ կիսակառույց շինություն (համապատասխան թույլտվությամբ) նշված գյուղական բնակավայրում և ունեն դրական վարկային պատմություն: Ամուսիններից գոնե մեկը պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն»,- ասաց Ղարագյոզյանը:
 
Նախարարության ներկայացուցիչը, ներկայացնելով վարկավորման մանրամասները` նշեց, որ պետական աջակցությունը բացառապես հիփոթեքային վարկավորմամբ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում է տրամադրվում և ուղղվում է բացառապես ամենամսյա վճարներին ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարի համար։ Իսկ ընդհանուր աջակցության գումարը 16 միլիոն դրամ է։
«Օրինակ` եթե շահառուն բանկից ստանում է 16 միլիոն դրամ վարկ 13 տոկոսով, 10 տարի մարման ժամկետով, ինքը որևէ պարտավորություն տվյալ վարկի շրջանակներում չունի. ամբողջն իրականացնում է պետությունը։ Եթե վարկի չափն ավելին է, տարբերությունն ամսական վճարումներով իրականացնում է շահառուն»,–ասաց Ղարագյոզյանը։

  • Կիսվել: