երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՀՀ ներմուծման և արտահանման ծավալները զգալիորեն կկրճատվեն. ԿԲ

ՀՀ ներմուծման և արտահանման ծավալները զգալիորեն կկրճատվեն. ԿԲ

Համավարակի տարածումը, հակա­համավարակային միջոցառումները, տնտեսական սահմանափա­կումները, եկամուտների նվազումը, այդ թվում՝ մասնավոր դրամա­կան փոխանցումների կրճատումը, ինչպես նաև անորոշության կտրուկ աճի պայմաններում սպառման և ներդրման որոշումների հետաձգումը այն գործոններն են, որոնք էականորեն կթուլացնեն ՀՀ տնտեսական ակտիվությունը: Այդ մասին նշված է ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում (2-րդ եռամսյակ, 2020): 

Ենթադրվում է, որ վերոնշյալ գործոն­ների ազդեցությունը աստիճանաբար կչեզոքանա միայն 2020 թվականի երկրորդ կեսից սկսած, ինչի արդյունքում ՀՀ տնտեսական աճը 2020 թվականին կլինի բացասական տիրույթում՝ կազմելով -4.0%: Անկումը հիմնականում պայմանավորված կլինի մասնավոր ծախսումների նվազմամբ, իսկ պետական ծախսումների նպաս­տումը տնտեսական աճին կլինի դրական:

Ըստ ԿԲ գնահատում­ների՝ մասնավոր սպառման նվազումը կկազմի 6.3%, իսկ մասնավոր հիմնա­կան միջոցների համախառն կուտակման նվազումը՝ 14.7%: Զուտ արտահան­ման նպաստումը կլինի դրական, թեև ներմուծման և արտահանման ծավալները զգալիորեն կկրճատվեն:

Հարկ է նշել, որ որ համաճարակի տևողությունը և դրա հետ կապված բացասական զարգացումները մնում են մեծապես անորոշ և հանդիսանում են տնտեսական աճի հիմնական նվազման ռիսկերը կանխատեսվող հորիզոնում: Կանխատեսվող հորիզոնում մասնավոր ծախսումները կարագա­նան և կհանդիսանան տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը: Ավելի դանդաղ կվերականգնվեն արտահանման և ներ­մուծման ծա­վալները՝ պայմանավորված միջազգային զբոսաշրջու­թյան դանդաղ վերականգնմամբ, այնուամենայնիվ, տնտեսական աճին զուտ ար­տահանման նպաստումը կպահպանվի դրական տիրույթում: Ակնկալվում է, որ տնտեսական աճի վերականգնման հետ մեկտեղ պետական ծախսումների նպաստումը կփոքրանա:

2020 թ․ կանխատեսումները վերանայ­վել են՝ պայմանավորված համաշխարհային տնտեսության խոր անկման նոր կանխատեսումներով, ինչպես նաև ներքին տնտեսու­թյան նվազման վերանայումներով։ Այսպես՝ կանխատեսվում է ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալ­ների նվազում՝ 12.0-15.0% միջակայքում։ Վերջինս, համաշխարհային տնտեսության պահանջարկի անկման հետ մեկտեղ, կպայ­մանա­վոր­վի գործընկեր երկրների կողմից կիրառվող համավարակի կանխար­գելման միջոցա­ռումներով։ Սպասվում է միջազգային զբոսաշրջու­թյան ծավալների զգալի նվա­զում։ Ներքին տնտեսության նոր կան­խատեսումներին համահունչ՝ ապրանքների և ծառայու­թյունների իրական ներմուծման ծավալները կկրճատվեն, ինչը կգտնվի 15.0-17.0% միջակայքում։

Կանխատեսվում է, որ ֆիզիկական անձանց դրամական փոխան­ցումները էապես կնվազեն՝ պայմանավորված նավթի գների կտրուկ անկման պարագայում Ռուսաստանի տնտեսության զգալի կրճատ­մամբ։ Դրամական փոխանցումների նվազման վրա էական ազդե­ցություն կունենան Ռուսաստանի կողմից միգրացիոն մուտքերի ժամանակավոր սահմանափակումները։ Մասնավոր փոխանցում­ների նվազումը կլինի 22.0-25.0% միջակայքում, սակայն հարկ է նշել, որ նախորդ տարիների համեմատ այդ նվազման ազդեցությունը ՀՆԱ-ի վրա անհամեմատ փոքրացել է։

Նշված կանխատեսումների պարագայում 2020 թ․ ընթացիկ հաշ­վի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը 2019 թվականի համեմատ կբարե­լավվի՝ գտնվելով 6.0-7.0% միջակայքում:

Միջնաժամկետ հատվածում, արտահանման առաջանցիկ աճի արդյունքում, ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կկայու­նանա գնահատվող 3.0-5․0% հավասարակշիռ մակարդակի սահմաններում:

 
 

  • Կիսվել: