ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում. ԿԲ նախագահ

ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում. ԿԲ նախագահ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն Ազգային ժողովի նիստում անդրադարձավ դրամի արժևորմանը։ Ըստ նրա՝ դոլարի և եվրոյի արժեզրկումը պայմանավորված է միջազգային այցելուների հոսքով Հայաստան և արտաքին պահանջարկի ավելացմամբ։

Մասնավորապես, նա անդրադարձավ արտահանողների խնդիրներին։ Ըստ Մարտին Գալստյանի՝ տվյալ դեպքում շատ կարևոր է դիտարկել, որ Եվրոպա արտահանման պարագայում եվրոպական արժույթն այս տարվա ընթացքում արժեզրկվել է ոչ միայն հայկական դրամի, այլ նաև դոլարի նկատմամբ՝ մոտ 20 տոկոսով։ Ինչ վերաբերում է ռուսական արժույթին, ապա ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում, որովհետև Ռուսաստանում գնաճն ավելի բարձր է։ Այսինքն՝ այն արտահանողները, ովքեր արտահանում են ՌԴ, և պայմանագրերը ֆիքսված են ռուսական ռուբլիով, ստեղծված իրավիճակում բացարձակ շահում են, որովհետև ՀՀ դրամն ավելի թույլ է, քան ՌԴ ռուբլին։ Ուստի, ըստ ԿԲ նախագահի բոլոր տնտեսական երևույթները փոխարժեքով պայմանավորելը սխալ է։

«Մենք ունենք քաղաքականության որոշման մի քանի կարևոր նյուանսներ։ Առաջինը՝ պետք է լինի Կենտրոնական բանկի և կառավարության համատեղ տնտեսական քաղաքականության օրակարգ, որը կա։ Եվ մենք կարծում ենք, որ եթե խոսակցություններն այն մասին են, որ Կենտրոնական բանկը պիտի արհեստականորեն արժեզրկի ՀՀ արժույթը, դա բացառապես նշանակում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները բարձր գնաճ ունենալու հետևանքով վճարելու են գնաճային հարկ, որի միջոցով նույնիսկ այն քաղաքացիները, ովքեր չունեն բավարար եկամուտ, սուբսիդավորելու են արտահանողներին։ Մեր պատկերացմամբ պիտի տեղի ունենա ավելի մանրակրկիտ վերլուծություն, որի արդյունքում արհեստական արժեզրկումից խուսափելով և հավելյալ գնաճի հաշվին հավաքագրված հարկային եկամուտներով կառավարությունը պիտի օժանդակի արտահանման այն ընկերություններին կամ այն ճյուղերին, ովքեր ունենք դինամիկ արտահանման պոտենցիալ,- ասաց նա։

  • Կիսվել: