շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը համարվում է ԱՊՀ-ի սիլիկոնային հովիտը․ Money Control

Հայաստանը համարվում է ԱՊՀ-ի սիլիկոնային հովիտը․ Money Control

Money Control հարթակում հրապարակվել է հնդիկ լրագրող և քաղաքագետ Ադիտի Բհադուրիի հոդվածը Հայաստանի և հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ:

«Կովկասյան շփումներ. Ինչու է Հայաստանի հետ մերձեցումը շատ կարևոր Հնդկաստանի համար» հոդվածում հեղինակը կարևորում է երկու երկրների վարչապետների՝ Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հանդիպումը 2019 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում:

Բհադուրին կարծում է, որ  հարաբերությունները Հայաստանի հետ կարևոր են մի քանի պատճառով. Երևանը աջակցում է Դելիին Քաշմիրի հարցում, մինչդեռ հարևան Թուրքիան և Ադրբեջանը աջակցում են Պակիստանին, իսկ Հայաստանը ՄԱԿ-ում ունի լիարժեք ձայն, որտեղ Հնդկաստանը ցանկանում է իր տեղը զբաղեցնել Անվտանգության խորհրդում:

Հեղինակը կարևորում է նաև երկու երկրների միջև համագործակցության տնտեսական դրդապատճառները՝ Հայաստանը հնդիկների համար զբոսաշրջության հանրաճանաչ վայր է: Ադիտի Բհադուրին նաև Հայաստանը անվանում է ԱՊՀ սիլիկոնային հովիտ:

«Հայաստանը համարվում է ԱՊՀ-ի սիլիկոնային հովիտը և Եվրասիական տնտեսական միության անդամ է, ունի նաև գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ: Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը կարևոր նշանակություն ունի.- գրել է քաղաքագետ լրագրողը:

Որպես երկու երկրների հաջող համագործակցության օրինակ՝ լրագրողը կարևորել է հնդկական արտադրության Swathi ռադարների վաճառքը Հայաստանին՝ նշելով, որ Հայաստանը կարող է դառնալ հեռանկարային շուկա հնդկական պաշտպանական արտադրության համար:

  • Կիսվել: