Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ՝ 0:0
Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Պոդգորիցայում մրցեց Չեռնոգորիայի թիմի հետ։ Գոլ չգրանցվեց՝ 0:0։
Թիմի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով մնացել էր պահեստայինների թվում եւ փոխարինման դուրս եկավ 56-րդ րոպեին։
86-րդ րոպեին կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ Չեռնոգորիայի հավաքականի եւ ռուսական «Ակրոնի» կիսապաշտպան Ստեֆան Լոնչարը։
Թվային առավելությունը գոլի վերածել Հայաստանի թիմը չկարողացավ։
Երեւանում Հայաստանի հավաքականը Չեռնոգորիային պարտվել էր 2:3 հաշվով։
Չեռնոգորիան 10 միավորով խմբի առաջատարն է։ 7 միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Կիպրոսը։ Հայաստանի թիմը վաստակել է 4 միավոր եւ երրորդն է։
Նոյեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը կընդունի Կիպրոսին, նոյեմբերի 15-ին կհյուրընկալվի Լատվիային։



