երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հայաստանը եվրասիական ինտեգրման միջոցով կարող է իրացնել իր ինքնիշխանությունը․ Սարգսյան

Հայաստանը եվրասիական ինտեգրման միջոցով կարող է իրացնել իր ինքնիշխանությունը․ Սարգսյան

Հայաստանի առջև այսօր բացառիկ հնարավորություն է բացվում՝ եվրասիական ինտեգրման միջոցով իրացնելու իր ինքնիշխանությունը, այդ թվում՝ թվային։ Այս մասին Մոսկվայում Armenian Business Forum 2024 համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։
 
Նրա խոսքով՝ որևէ այլ վայրում Հայաստանը չի կարող մասնակցել որոշումների կայացմանը, մինչդեռ Եվրասիական միությունում որոշումները կայացվում են փոխզիջման հիման վրա:
«Այսինքն, առանց Հայաստանի ձայնի ԵԱՏՄ–ի 180– միլիոնանոց շուկայում որոշումներ չեն կարող ընդունվել և իրագործվել։ Իսկ դա սեփական ինքնիշխանության իրացման եզակի գործիք է ստեղծում», - ասել է նա։
 
Սարգսյանը պարզաբանել է, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական միության անդամ, կարող է ավելի մեծ չափով իրացնել իր ազգային ներուժը։ Հայաստանի առջև հենց եվրասիական ինտեգրման միջոցով են արդյունավետ հնարավորություններ բացվում Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի հետ փոխգործակցության համար։
 
ԵԱԶԲ վարչության փոխնախագահի խոսքով՝ մրցակցությունն առաջիկա տասնամյակներում լինելու է այն ոլորտում, որը կապված է նոր գիտելիքների արտադրության և, բնականաբար, համապատասխան ենթակառուցվածքի ձևավորման հետ:
 
Նա բերել է Չինաստանի օրինակը, որի պոլիտեխնիկական կրթությունն, ըստ փորձագետների, լավագույնն է աշխարհում, և հենց այդ ոլորտում են նրանք ներդրումներ կատարում:
Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը հայտնի է եղել իր գիտական ներուժով և մասնագիտացել է ԽՍՀՄ-ում այդ ոլորտում։ Կապիտալիզացիան այսօր ձևավորվում է նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Նա հավելել է, որ եվրասիական տարածքում հայկական լուծումները ներկայացնելու եզակի հնարավորություն կա։

  • Կիսվել: