հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայկական ընկերությունները կարող են մասնակցել ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի մրցույթին

Հայկական ընկերությունները կարող են մասնակցել ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի մրցույթին

Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը հայտարարել է թվային նախագծերի մրցույթ։ Այս մասին Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա պարզաբանել է, որ մրցույթի նպատակն է զարգացնել համագործակցությունը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի միջեւ թվային նախագծերի իրականացման միջոցով։ Մրցույթին կարող են մասնակցել նշված երկրներից մեկում գրանցված եւ գործող իրավաբանական անձինք, միջազգային կազմակերպությունները, պետական ​​մարմինները։

«Ծրագրերի առաջնահերթ ուղղություններն են՝ թվային լուծումներ առեւտրի ոլորտում, ֆինանսական տեխնոլոգիաներ, թվային լուծումներ գյուղատնտեսության եւ արդյունաբերության մեջ, թվային լուծումներ մշակույթի, զբոսաշրջության եւ սպորտի ոլորտներում, ներառյալ թվային տեսախաղերի զարգացումը, թվային լուծումներ առողջապահության, կրթության եւ կրթական ծառայությունների, լոգիստիկայի, էկոլոգիայի, երկրաբանության, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում, աշխատաշուկայում թվային լուծումներ եւ միգրացիա եւ այլն։ Նախագծերի հիմնական պահանջներն են՝ թվային արտադրանք, բարձր արդիականություն, ինտեգրացիոն գործոնի առկայություն, հիմնավորված թիրախային արժեքներ»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ մրցույթի հաղթողները կհրավիրվեն՝ դիմելու ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի միջոցների ֆինանսավորում ստանալու համար։

Բանկի ներկայացուցիչն ընդգծել է, որ ֆինանսավորումը կարող է իրականացվել թե՛ վերադարձի հիման վրա, թե՛ փոխատվությամբ կամ ակցիոներական մասնակցությամբ, թե՛  դրամաշնորհային հիմունքներով, այսինքն՝ անհատույց եւ անվերադարձ հիմունքներով։

«Որոշումը կկայացվի՝ ելնելով առաջարկվող նախագծի կոմերցիոն բաղադրիչից, սոցիալական եւ ինտեգրացիոն նշանակությունից։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ուղարկել լրացված հայտը եւ ծրագրի մասին տեղեկատվություն [email protected] էլ. փոստին։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2023 թվականի ապրիլից ոչ ուշ»,-եզրափակել է Սարգսյանը։

  • Կիսվել: