չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանում վարկառուների առնվազն 93 տոկոսը գիտակցված ու պարտաճանաչ կերպով կատարում է իր պարտավորությունները․ ԿԲ նախագահի տեղակալ

Հայաստանում վարկառուների առնվազն 93 տոկոսը գիտակցված ու պարտաճանաչ կերպով կատարում է իր պարտավորությունները․ ԿԲ նախագահի տեղակալ

Բանկերի ու վարկային կազմակերպությունների շահառուների՝ այդ թվում՝ ավանդատուների ու պատասխանատու վարկառուների թիվը մի քանի հարյուր անգամ գերազանցոմ է խնդիրներ ունեցող վարկառուների թվին։ Այդ մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Ըստ պատասխանատուի, այդ հանգամանքը չափվում է խնդրահարույց կամ չաշխատող վարկերի մեծությամբ, որը տատանվում է բանկային համակարգի կողմից տրված ամբողջ վարկերի 5-7 տոկոսի շրջանակներում, իսկ համավարակից հետո ավելացել է մեկ տոկոսային կետով։

«Այս պահին այդ ցուցանիշը կազմում է 7 տոկոս, ինչը նշանակում է, որ վարկառուների առնվազն 93 տոկոսը գիտակցված ու պարտաճանաչ կերպով կատարում է իրենց պարտավորությունները, և վարկը վերցրել են որոշակի նպատակներից ելնելով ու բարելավել իրենց բարեկեցությունը», - հայտարարեց Երիցյանը։

Անդրադառնալով բանկերի կողմից մասսայական վարկային արձակուրդ տրամադրելու մասին ընդդիմության պահանջներին, ԿԲ նախագահի տեղակալը հայտարարեց, որ մասսայական վարկային արձակուրդը հանգեցնելու է «շատ մեծ ֆինանսական, մակրոտնտեսական ու բարոյական վնասների»։

«Բարոյական ռիսկի մասով, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, վարկային արձակուրդը կարող է հանգեցնել բացասական փոփոխության, վարկառուները սկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են։ Մեր սեփական փորձը նույնպես վկայում է հենց դրա մասին, երբ ժամանակին, եթե չեմ սխալվում 2018-ին, բանկերը ներեցին խնդրահարույց վարկառուների տույժ-տուգանքները։ Հետո մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ ներում ստացած մարդկանց կողմից նոր վարկային պարտավորություն ստանձնածների 50 տոկոսից ավելին կրկին հայտնվել է նույն իրավիճակում։ Այսինքն՝ այդ մարդիկ ունեն պատշաճ վարքագծի խնդիր։ Ստացվում է այնպես, որ պարտաճանաչ վարկառուները չեն խրախուսվում, իսկ ընտրովի մոտեցման դեպքում գործնականում անհնար է որոշել՝ ում պետք է արձակուրդ տրամադրվի, առանց կոպտորեն խախտելու արդարության սկզբունքը», -հայտարարեց Երիցյանը։

  • Կիսվել: