շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատ գրանցվել է 13 հազարով ավելի աշխատատեղ. վարչապետ

Օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատ գրանցվել է 13 հազարով ավելի աշխատատեղ. վարչապետ

Հայաստանում 2020 թվականի օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատ գրանցվել է 13 հազար 422-ով ավելի աշխատատեղ: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև ասաց, որ օգոստոսին հուլիսի նկատմամբ գրանցվել է 4 946 աշխատատեղով ավելի ցուցանիշ։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  այս միտումը նաև շարունակվում է աշխատավարձերի ֆոնդերի հետ կապված։

Մասնավորապես, ըստ նրա, 2020 թվականի օգոստոսին 2019-ի օգոստոսի նկատմամբ երկրում բոլոր աշխատավարձերի ֆոնդն ավելի է եղել 10 մլրդ 974 մլն դրամով կամ 9,6 տոկոսով, սակայն հուլիսի նկատմամբ օգոստոսին այդ թիվը պակաս է եղել 2 մլրդ 663 մլն դրամով։

«Մեկ մարդու միջին աշխատավարձը 2020 թվականի օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատ ավելի է եղել 13 հազար 671 դրամով կամ 7,3 տոկոսով։ Սակայն 2020 թվականի հուլիսի համեմատ օգոստոսին պակաս է եղել 5 հազար 973 դրամով կամ 2,9 տոկոսով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ երկրում աշխատատեղերի թիվն ավելանում է։

«Իհարկե, սա էլ է մի երևույթ, որը նույնպես պետք է վերլուծության ենթարկվի։ Բայց այս ավելացումն առնվազն վատ չէ։ Սա մեզ հետաքրքրում է նաև ընդհանուր սոցիալական իրավիճակի գնահատման առումով»,- ընդգծեց նա։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ նշեց՝ օգոստոսին հուլիսի համեմատ աշխատավարձի ֆոնդը պակասը պայմանավորված է նրանով, որ հուլիսը արձակուրդային ամիս է և այս ամսին հաշվարկվող աշխատավարձի չափն ավելին է: Ըստ նրա, նույն միտումը եղել է նաև 2019-ի հուլիս-օգոստոսին:

 

  • Կիսվել: