շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում կստեղծվի «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն

Հայաստանում կստեղծվի «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն

Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու նպատակով Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հունիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնագետների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։

 

Հանդիպման ընթացքում «Հալալ» ստանդարտացման և սերտիֆիկացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Այդար Գազիզովը համառոտ ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, ձեռքբերումները, «Հալալ» եղանակի առանձնահատկությունները, չափանիշները և հավաստագրերի տրամադրման ընթացակարգերը։

Իր ելույթում Այդար Գազիզովն անդրադարձել է նաև աշխարհում «Հալալ» ինդուստրիայի զարգացման միտումներին։ Այս առումով նա նշել է, որ «Հալալ» սպառման շուկան աշխարհում տարեց տարի ավելանում է և ներկա պահին այդ արտադրանքից և ծառայություններից օգտվողների թիվը կազմում է շուրջ 2 մլրդ հոգի։ «Հալալ» արտադրանքի արտահանման առավել հեռանկարային ուղղությունների թվում նա, մասնավորապես, նշել է հավի, լորի, հնդկահավի, տավարի և ոչխարի միսն ու մսամթերքը, հրուշակեղենը և կաթնամթերքը։

Կենտրոնը «Հալալ» սերտիֆիկացում է իրականացնում հետևյալ արտադրանքի և ծառայությունների՝ ներառյալ առևտրի և հանրային սննդի համար. միս, մսամթերք, թռչնամիս, ձու, ձուկ, ձկնեղեն, կաթ և կաթնային արտադրանք, հացաբուլկեղեն և հրուշակեղեն, սննդային հավելումներ և այլ սննդամթերք, առողջապահություն և օծանելիքակոսմետիկական միջոցներ, զբոսաշրջություն, սպա ծառայություններ, վարսահարդարում, ֆիթնես, տաքսի ծառայություններ։

Կենտրոնի հետ համագործակցությունը տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի հայրենական արտադրանքն արտահանել դեպի արևելյան շուկա և ունենալ նոր գործընկերներ։

«Հալալ» կենտրոնը սերտիֆիկացման հեղինակավոր մարմին է Ռուսաստանի Դաշնությունում և արտասահմանում։ Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է 2002 թվականից՝ ՌԴ մուսուլմանների հոգևոր կառավարման ներքո և համարվում է ԱՊՀ երկրներում «Հալալ» ինդուստրիայի հիմնադիրը։

 

Կենտրոնը, իսլամական շուկայից բացի, գործընկերային հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի արտադրողների հետ։ Ներկայումս ավելի քան 40 ընկերություններ Կենտրոնի միջոցով իրենց արտադրանքն արտահանում են Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Բահրեյն, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Իրանի Իսլամական Հանրապետություն։

  • Կիսվել: