ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերը կրկնակի կնվազեն

Հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերը կրկնակի կնվազեն

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած նախագիծը, որովառաջարկում է հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում հաշվարկվող տույժերը կրկնակի նվազեցնել:

Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով:

Միքայել Մելքումյանը նշեց, որ գործող կարգավորմամբ, եթե տնտեսավարողը կուտակում է 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն, ապա հարկային մարմնի ղեկավարը կարող է հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացնել:

«Ըստ վիճակագրության՝ 9813 սուբյեկտ այդ արգելադրման տակ է եղել վերջին 2-2.5 տարվա ընթացքում: Հիմա առաջարկվում է այդ 500 հազար դրամի շեմը բարձրացնել՝ դարձնելով 1 մլն 500 հազար դրամ: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս: Փոքր ու միջին ձեռակությունների 71 տոկոսի շրջանառությունը տարեկան չի անցնում 58 միլիոնից: Եթե միջինացնում ենք, ապա այդ 1.5 մլն դրամը մոտավորապես փակում է փոքր ու միջին ձեռնարկությունների մեծ մասի տարեկան գեներացված հարկերը, այսինքն՝ շրջանառության հարկը: Այսինքն՝ սա հարկային արձակուրդի նման մի բան է»,- նշեց պատգամավորը: 

Նա նաև ասաց, որ, եթե, օրինակ, 1 մլն 700 հազար ապառք է կուտակվել, ապա տնտեսավարողը կարող է 200 հազար դրամը վճարել, և արգելանք չի դրվի իր գույքի վրա:

Ըստ Միքայել Մելքումյանի, սա հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների ոլորտին հնարավորություն կտա շատ չտուժել:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատգմավորներին տեղեկացրեց, որ մոտավորապես ժամը 17.30-ի սահմաններում նորից կհավաքվեն՝ քննարկելու Մելքումյանի ներկայացրած նախագիծը՝ արդեն երկրորդ ընթերցմամբ:

Նշենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Բաբկեն Թունյանի հեղինակած նախագիծը։

  • Կիսվել: