շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հաջորդ շաբաթ ՀՀ կառավարությունը ևս 7.5 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար

Հաջորդ շաբաթ ՀՀ կառավարությունը ևս 7.5 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար

Եկող շաբաթվա ընթացքում ՀՀ կառավարությունը կհատկացնի ևս 7.5 մլրդ դրամ ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց նաև, որ այդ գումարն իր մեջ կներառվի նաև 100-հազարական դրամների այն լրացուցիչ ֆինանսավորումը, որը առաջիկայում նախատեսնում են փոխանցել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին նշեց, որ ՀՀ Կոտայքի մարզին լրացուցիչ 300 մլն դրամ կհատկացվի, քանի որ ըստ ՀՀ մարզային բաշխվածության` ԼՂ–ից բռնի տեղահանվածների ամենամեծ թիվն այստեղ է։

Նա տեղեկացրեց, որ մինչ այս պահը մարզերին կառավարության կողմից արդեն իսկ հատկացվել է 1 մլրդ 360 մլն դրամ։

«Այս գումարներն ուղղվում են հյուրանոցների համար վճարելուն, սննդի, հիգիենիկ պարագաների ձեռքբերման, երեխաներին գրենական պիտույքներ տրամադրելու և այլ կարիքները հոգալու համար»,– ընդգծեց նախարարը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ավելացրեց, որ հանրագումարով` այս 300 մլն դրամը ներառյալ, արդեն 9 մլրդ 360 մլն դրամ է հատկացվել մարզերին, որից 8 մլրդը վերաբերում էր միանվագ 100-հազարական դրամ հրատապ աջակցությանը, իսկ մյուս մասը՝ մարզպետարանների միջոցով բռնի տեղահանվածների կեցության և սննդի հետ կապված ծախսերը փոխհատուցելուն։

  • Կիսվել: