Գրիպի 2026-2027 թթ. սեզոնի համար նախատեսված պատվաստանյութը եռավալենտ է
Գրիպի 2026-2027 թթ. սեզոնի համար նախատեսված պատվաստանյութը եռավալենտ է. այն պարունակում է «Ա» տեսակի երկու (H1N1, H3N2) և «Բ» տեսակի մեկ շճատիպ։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հորդորելով պատվաստվել գրիպի սեզոնին ընդառաջ:
Նախարարությունից նշել են, որ ցրտերի հետ մոտենում է նաև գրիպի սեզոնը: Օդի ջերմաստիճանի նվազմանը և փակ տարածքներում շփումների ավելացմանը զուգընթաց մեծանում է գրիպի և այլ սուր շնչառական վարակների տարածման հավանականությունը։
Գրիպից պաշտպանվելու, հիվանդության ծանր ընթացքի և հնարավոր բարդությունների ռիսկը նվազեցնելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Եռավալենտ պատվաստանյութը համապատասխանում է այս սեզոնին հյուսիսային կիսագնդում շրջանառվող կանխատեսվող շճատիպերին։
Գերատեսչությունից հայտնում են, որ պատվաստվելուն զուգահեռ կարևոր է նաև հաճախ լվանալ ձեռքերը օճառով և ջրով, պարբերաբար օդափոխել փակ տարածքները, հազալիս կամ փռշտալիս ծածկել բերանն ու քիթը, խուսափել հիվանդության ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից, վատ ինքնազգացողության դեպքում մնալ տանը և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի։
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցող անձանց համար՝ տարեցներ, հղիներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, փոքր երեխաներ և բուժաշխատողներ:
Մի՛ սպասեք գրիպի տարածմանը. պատվաստվե՛ք ժամանակին և պաշտպանե՛ք ձեզ ու ձեր հարազատներին»,-նշել են նախարարությունից:



